Ինչո՞ւ չի կարելի կերակրել և մոտենալ վայրի կենդանիներին
Արշավականները հաճախ գցում են պուպուշ վիդեոներ, թե ինչպես են վայրի կենդանի կերակրում՝ մի կտոր հաց, մի կտոր խնձոր։ Հրաշք կադրեր են՝ որ սոցցանցերում հալվում ես։
Ու հիմա գուցե մտածում եք՝ «էս աղջիկը ո՞րտեղից այդքան խելացի դարձավ»:
Պիտի խոստովանեմ՝ ես էլ եմ տենց եղել։ 😄 Ուրախ-ուրախ կերակրել եմ, նկարել եմ, պատմել եմ ընկերներիս, թե ինչ լավ բան եմ արել։
Բայց կյանքը շատ լավ ուսուցիչ է։ Մեկ օր հասկացա՝ որ իմ փոքր «բարի գործը» կարող է դառնալ կենդանու կյանքի ամենամեծ դժբախտությունը։ Ու այդ օրվանից սկսեցի աշխատել իմ գիտակցական մակարդակի վրա։
Վայրի կենդանին պետք է ինքը գտնի իր կերը
Երբ ճանապարհին պատահաբար հանդիպում ենք աղվեսի, եղնիկի կամ անգամ փոքրիկ գայլի, առաջին զգացողությունը հաճախ մի անսպառ սեր ու խղճահարություն է։ Մենք մտածում ենք՝ ինչո՞ւ չտանք մի կտոր հաց, ինչո՞ւ չմոտենանք, ինչո՞ւ չփրկենք նրան այդ «վտանգավոր» աշխարհից։ Բայց իրականում, այդ «բարեգթությունը» շատ հաճախ վերածվում է ողբերգության։ Այո՛, երբեմն լավագույն բանը, որ կարող ես անել վայրի կենդանու համար, պարզապես հեռվից հիանալն է։
Մարդուց կախվածություն = Կենդանու մահ
Վայրի կենդանիներն այդպես էլ կոչվում են՝ վայրի, որովհետև նրանց կյանքը, բնույթը, բնազդները ձևավորվել են ազատության մեջ։ Երբ մենք կերակրում ենք նրանց, փոխում ենք նրանց բնական վարքը։ Նրանք դադարում են վախենալ մարդուց, սկսում են մոտենալ բնակավայրերին, ճանապարհներին, խնդրել կերակուր կամ նույնիսկ մուրալ։ Եվ երբ մարդը մերժում է կամ այլ կերպ արձագանքում, այդ կենդանին կարող է դառնալ ագրեսիվ։ Իսկ ագրեսիան՝ ի վերջո, վտանգ է թե՛ մարդու, թե՛ հենց կենդանու համար։
Ոչ մի հաճույք, ոչ մի մանկական երազանք չի արդարացնում կենդանուն իր բնությունից կտրելը։
Վտանգավոր հիվանդություններ
Ավելին՝ վայրի կենդանիների մոտեցումը մարդկանց՝ կրում է նաև լուրջ հիվանդությունների վտանգ։ Օրինակ՝ աղվեսի մեկ կծումը կարող է փոխանցել անասնաճարակ, որը մարդու համար մահացու վտանգավոր հիվանդություն է։ Նույնիսկ եթե կենդանին չի կծում, նրա թուքը, մորթու հետ շփումը կարող են բերել բակտերիալ կամ մակաբուծային վարակների։ Այո՛, մի փոքրիկ քերծումը երբեմն կարող է փոխել մարդու ողջ կյանքը։
Որքան էլ որ սիրտդ փափկի՝ պետք չէ վայրի կենդանիներին կերակրել, առավել ևս՝ տուն տանել։ Աղվեսը, եղնիկը, արջուկը գեղեցիկ են իրենց բնական միջավայրում, ազատության մեջ։ Տանը պահելով նրանց՝ մենք խլում ենք նրանց ազատությունը, նրանց ձգտումն ապրելու ինքնուրույն և գուցե նույնիսկ նրանց ողջ կյանքը։
Ի՞նչ անել, եթե վայրի կենդանի քեզ մոտենա կամ կծի
- Մի՛ փորձիր կերակրել կամ շոյել նրան, նույնիսկ եթե նա շատ բարեկամական է թվում։
- Հեռու մնա հանգիստ շարժումներով՝ առանց վազելու կամ խուճապի մատնվելու։ Վայրի կենդանին շարժումներից և աղմուկից կարող է ավելի ագրեսիվանալ։
- Եթե կենդանին կծի կամ քերծի, անհրաժեշտ է՝
- Վերքերը ցանկալի է ախտահանել ջրածնի պերօքսիդի 3% լուծույթով։
- Անմիջապես դիմել բժշկի։
- Հնարավոր է պահանջվի հակաանասնաճարակային (պատվաստումների) կուրս։
Հայտնել բնապահպանական ծառայությանը, որպեսզի նրանք ճիշտ արձագանքեն հնարավոր վտանգին։
Հիշիր՝ նույնիսկ ամենաքաղցր երևացող աղվեսը կրում է վայրի բնության ամբողջ ուժը և պատասխանատվությունը։ Ու երբ մենք սովորենք նրանց հարգել, կսովորենք նաև հարգել կյանքը ամբողջությամբ։ 🌿