Գեղարքունիք
Ինչու այցելել Գեղարքունիք
Հայաստանի ամենամեծ մարզը Գեղարքունիքն է ու սա ոչ թե պարզ աշխարհագրական փաստ է, այլ ճամփորդի համար հրավեր դեպի բազմաշերտ, անսպառ աշխարհ։ Տարածքով այն այնքան ընդարձակ է, որ Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերը միասին հանգիստ կտեղավորվեն նրա սահմաններում։ Այս մասշտաբը զգում ես ճանապարհին՝ երկինքն ու հորիզոնն այստեղ ավելի լայն են թվում։
Ինչ տեսնել
Մարզի ամբողջ տարածքի մոտ մեկ քառորդը Սևանա լճի հայելային ջրերն են զբաղեցնում։ Կովկասի ամենամեծ լիճը ոչ միայն տեսարժան վայր է, այն մարզի ամբողջ ջրհավաք ավազանի հիմքն է, կլիմայի կարգավորիչը, կյանքի աղբյուրը։ Ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա փռված այս լիճը Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է ու Հայաստանի ամենաճանաչելի դեմքը։
Ինչ անել
Գեղարքունիքն ունի այնպիսի պատմական խորություն, որ ժամանակի հետ չափելն անգամ գլխապտույտ է առաջացնում։ Լճի ջրերից ազատված ափամերձ հողերում հայտնաբերվել են հինգ հազար տարի առաջ թաղված մարդկանց դամբարանները։ Բնակավայրեր, բերդեր ու ամրոցներ, սեպագիր արձանագրություններ՝ախաուրարտական ու ուրարտական քաղաքակրթությունների ամենաուղղակի հետքերը Հայաստանում հենց այստեղ են պահպանվել։
Կիկլոպյան ամրոցները հատկապես տպավորիչ են՝ հսկայական անմշակ քարերից կառուցված պատերն առանց կրի կամ ցեմենտի կանգուն են մնացել հազարամյակներ, ու մինչ օրս պատմում են իրենց կառուցողների ուժի ու հմտության մասին։
Ժայռապատկերները ևս առանձին գլուխ են։ Գեղամա լեռների ժայռերին փորված պատկերները վաղ մարդկային ցեղերի կյանքի, որսի ու ծեսերի համր, բայց արտահայտիչ պատմությունն են։
Ինչ համտեսել
- Ձուկ
- Փախլավա
- Քյուֆթա
- Կանեփով տոլմա
Պարտադիր տեսնելիք
Նորատուս
Գավառ
Աժդահակ լեռ
Սևան
Դեպի Գեղարքունիք ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
- Այցելել Սևան քաղաք
- Ձի հեծնել
- Սևանա լճում ժամանց
- Քյուփթա պատրաստել
- Կիկլոպյան ամրոց տեսնել
- Ժայռապատկերներ տեսնել
- Թռչուններ տեսնել
- Հեծանիվ վարել
Ինչպես հասնել
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք հասնելու համար «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքից ամեն օր շարժվում են միկրոավտոբուսներ՝ ժամը 9:00-ից մինչև 20:00։ Սևանից Երևան վերադարձը՝ առավոտյան 7:00-ից մինչև 18:00։ Ուղեվարձը՝ ընդամենը 700 դրամ։ Ցանկության դեպքում կարող եք ճանապարհ ընկնել նաև տաքսիով կամ սեփական մեքենայով։ Ճանապարհը տևում է մոտ 1 ժամ՝ կախված երթևեկությունից։
Երբ այցելել
Գեղարքունիք այցելելու լավագույն ժամանակահատվածները կախված են նրանից, թե ինչպիսի հանգիստ եք նախընտրում։
Հունիս–օգոստոս ամիսները համարվում են ամենաակտիվ զբոսաշրջային սեզոնը՝ հատկապես լողափնյա հանգստի, Սևանա լիճում լողալու և ամառային շոգից հովանալու համար։ Այս շրջանում մարզը կենդանանում է․ գործում են լողափերը, ակտիվանում են ջրային ժամանցները և բազմաթիվ բացօթյա միջոցառումներ։
Մայիսը, ինչպես նաև սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսները առավել հարմար են ճանաչողական տուրերի, պատմամշակութային վայրեր այցելելու և լեռնային արշավների համար։ Աշնանը բնությունը գունավորվում է, եղանակը դառնում է մեղմ, իսկ ճանապարհորդությունները՝ ավելի հանգիստ ու հարմարավետ։ Այս շրջանը հատկապես գեղեցիկ է մարզի վանքերը, լեռնային գյուղերը և բնության պահպանվող տարածքները բացահայտելու համար։
Կարևոր
Հայաստանում հաճախ դեռևս անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ։ Շատ վայրեր՝ հատկապես մարզերում, աշխատում են միայն կանխիկով։ Թեև կան ռեստորաններ ու հյուրանոցներ, որոնք ընդունում են քարտային կամ առցանց վճարումներ, դրանք այնքան էլ շատ չեն։ Թանգարաններում ևս հիմնականում կանխիկ է պետք, և հիշեք՝ գրեթե բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։