Տավուշ
Ինչու այցելել Տավուշ
Տավուշը Հայաստանով ճանապարհորդելու ամենահմայիչ անկյուններից մեկն է։ Երբ մտնում ես մարզ, ճանապարհը սկսում է ոլորապտույտ տանել՝ անընդհատ բացելով նոր տեսարաններ։ Հայտնվում ես մի աշխարհում, որտեղ ամեն ինչ կանաչ է՝ խիտ անտառներ, մշուշով ծածկված լեռներ, թաքնված գետեր։
Ինչ տեսնել
Տավուշը բառացիորեն թանգարան է բաց երկնքի տակ, այստեղ ամեն քայլափոխի հանդիպում ես պատմամշակութային կառույցների՝ վանքային համալիրներ, հնագույն բերդեր, խաչքարեր, քարաշեն կամուրջներ, հուշակոթողներ։
Ամենահայտնի կանգառներից են Գոշավանքը՝ անտառների մեջ թաքնված իր խաղաղությամբ, Հաղարծին վանական համալիրը՝ իր մառախլապատ առավոտներով ու հեքիաթային մթնոլորտով, և Մակարավանքն իր ավանդույթներով։
Ինչ անել
Եթե բնության սիրահար ես, Տավուշում ամեն քայլը փոքրիկ բացահայտում է։ Հիմնական արահետներից շեղվելով կհասնես դեպի Ջուխտակ վանք՝ լռության մեջ թաքնված, և Մաթոսավանք՝ մամուռով պատված, մի փոքր միստիկ շնչով
Դիլիջանի ազգային պարկը հենց այն տեղն է, որտեղ քայլելը դառնում է զգացողություն։ Կան թեթև, հանգիստ ուղիներ և կան մի քանի օրյա արշավներ, որոնք հետաքրքիր փորձառություններ են
Այս մարզով է անցնում Տրանսկովկասյան քայլարշավային արահետը և անտառային հատվածներով կարող ես հասնել Գոշի և Պարզ բարձրադիր լճերին։
Էքստրիմ․ Մարզի երկայնքով հոսող Աղստև գետի ափին գտնվող Իջևան քաղաքից ոչ հեռու՝ Ենոքավան գյուղում՝ էսքտրեմալ ժամանցի սիրահարների համար գործում է Յելլ Էքստրիմ պարկը: Դրանից ոչ հեռու, բնության գողտրիկ մի անկյունում՝ Լաստիվերի հայտնի քարանձավներն ու ջրվեժն է:
Ինչ համտեսել
- Ծառի սունկ
- Եղինջով-Փիփերթով ապուր
- Խոզի խորոված՝ համեմված ուրցով
- Եգիպտացորեն Դիլիջանի ճանապարհներին
Պարտադիր տեսնելիք
Դիլիջան
Իջևան
Հաղարծին
Դիլիջանի Ազգային Պարկ
Դեպի Տավուշ ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
- Քայլարշավ անել
- Տեսնել թաքնված ջրվեժը
- Ծառի սունկ ուտել
- Թանգարան այցելել
- Գնալ Մանթաշաբերդ
- Կարպետագործություն
- Այցելել վանքեր
- Նավարկել Պարզ լճում
- Եղնիկներ տեսնել
- Դենդրոպարկում զբոսնել
- Սունկ հավաքել
- Գնալ Բերքաբեր
Ինչպես հասնել
Տավուշի մարզ հասնելու տարբերակները մի քանիսն են։ Սեփական մեքենա, Ջիջի շաթլ (հավելվածով ամրագրում ես տեղդ, մեկնարկը՝ Մատենադարանի մոտից), կամ հանրային տրանսպորտ։ Բայց կարող եք ընտրել տրանսպորտը։ Ինչո՞ւ։ Որովհետև ճանապարհն ինքնին պատմություն է։
Երթուղայինը շարժվում է միայն այն ժամանակ, երբ բոլոր աթոռները գտնում են իրենց ուղևորներին։ Մեկնելու կետը՝ Հյուսիսային ավտոկայան, արժեքը՝ 1000 դրամ, առաջին կանգառը Դիլիջան քաղաքն է, որի հեռավորությունը Երևանից՝ 99 կմ, ճանապարհի տևողությունը՝ մոտ 1 ժամ 30 րոպե։
Երբ այցելել
Տավուշը յուրահատուկ է տարվա բոլոր եղանակներին՝ յուրաքանչյուրն այստեղ իր բնավորությունն ու գույներն ունի։ Ամառն ու գարունը զով ու թարմ են, երբ անտառները շնչում են լիաթոք, իսկ օդը լցված է կանաչի բույրով։ Աշնանը ողջ տարածքը վերածվում է գունեղ կտավի՝ ծառերը ներկվում են ոսկեգույն, կարմիր ու նարնջագույն երանգներով, ստեղծելով գրեթե ֆանտաստիկ տեսարան։ Ձմռանը տեղումները շատ են, բայց եղանակը մնում է մեղմ ու խաղաղ։
Կարևոր
Հայաստանում հաճախ դեռևս անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ։ Շատ վայրեր՝ հատկապես մարզերում, աշխատում են միայն կանխիկով։ Թեև կան ռեստորաններ ու հյուրանոցներ, որոնք ընդունում են քարտային կամ առցանց վճարումներ, դրանք այնքան էլ շատ չեն։ Թանգարաններում ևս հիմնականում կանխիկ է պետք, և հիշեք՝ գրեթե բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։