Կոտայք
Ինչու այցելել Կոտայք
Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում։ Ըստ ընդունված վարկածի՝ «Կոտայք» անվանումը կապվում է Մեծ Հայքի Արշակունի արքայատոհմի ներկայացուցիչ Խոսրով Կոտակի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ, ըստ որոնց՝ անվանումը կարող է ունենալ ավելի հին՝ էթնիկական ծագում և կապված լինել նույնանուն ցեղանվան հետ։
Որոշ ուսումնասիրություններ Կոտայքը նույնացնում են ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Էտունի երկրի հետ, իսկ Ղևոնդ Ալիշանը հնարավոր է համարել, որ հույն աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի հիշատակած Կոտակենե գավառը հենց այս տարածաշրջանն է։
Ինչ տեսնել
Կոտայքի մարզի Ծաղկաձորը՝ Հայաստանի ամենահայտնի լեռնային հանգստավայրերից մեկն է, որը ժամանակի ընթացքում տարբեր անուններ է կրել և ձևավորվել որպես ինչպես պատմական, այնպես էլ զբոսաշրջային կարևոր կենտրոն։ Հնում այն հայտնի է եղել Ծաղկոցաձոր և Ծաղկունյաց ձոր անվանումներով։ Միջնադարում այստեղ ձևավորված վանական համալիրի անունով տարածքը կոչվել է նաև Կեչառիս կամ Կեչառոյք։ Ավելի ուշ՝ 15-րդ դարում, Օսմանյան ազդեցության շրջանում այն վերանվանվել է Դարաչիչակ, որը «Ծաղկունյաց ձոր» անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական՝ Ծաղկաձոր անունը։
Ինչ անել
Պատմամշակութային ժառանգություն
Կոտայքի մարզը Հայաստանի ամենահարուստ պատմամշակութային շրջաններից է։ Այստեղ հաշվվում են ավելի քան 3200 հուշարձաններ՝ սկսած հնագույն բնակավայրերից մինչև միջնադարյան վանական համալիրներ։
Մարզը հատկապես հայտնի է իր համաշխարհային ճանաչում ունեցող երկու հուշարձաններով՝
- Գառնու տաճար
- Գեղարդի վանք
Գառնու տաճար
Գառնու հեթանոսական տաճարը Հայաստանի հելլենիստական շրջանի ամենահայտնի կառույցներից է։ Այն կառուցված է պերիպտեր տիպով և, ըստ ենթադրությունների, նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Տաճարը կանգնած է բարձր պատվանդանի վրա, և դեպի գլխավոր մուտք բարձրանում է ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Նրա ճարտարապետությունը առանձնանում է մանրակրկիտ մշակված քանդակներով և համաչափ հորինվածքով, որտեղ միավորված են բազմազան զարդանախշերը մեկ ամբողջական համակարգում։
Գեղարդի վանք
Գեղարդի վանական համալիրը Կոտայքի ամենահզոր հոգևոր կենտրոններից մեկն է։ Այն հայտնի է իր ժայռափոր եկեղեցիներով և միջնադարյան ճարտարապետությամբ, որը ներդաշնակորեն միաձուլվում է շրջակա բնության հետ։
Ինչ համտեսել
- Ուտելի բույսեր
- Հանքային ջուր
- Օրգանիկ մեղր
Պարտադիր տեսնելիք
Խոսրովի արգելոց
Գառնու տաճար
Պարապլանով թռիչք
Հանքավան
Դեպի Կոտայք ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
- Բարձրանալ լեռներ
- Այցելել Բժնի ամրոց
- Ծաղկաձորում ճոպանուղի նստել
- Խոսրովի արգելոց գնալ
- Մեղուների թանգարան այցելել
- Պարապլանով թռչել
- Հանքային ջուր խմել
- Արզնի այցելել
- Լեռնանիստ գնալ
- Քարերի սիմֆոնիա
Ինչպես հասնել
Երևանից Աբովյան կամ հարակից գյուղեր հասնելու համար կարող եք ընտրել քաղաքամերձ երթուղայիններ, որոնց արժեքը սովորաբար կազմում է մոտ 200–400 ՀՀ դրամ։ Ավելի հարմարավետ տարբերակի համար կարող եք օգտվել տաքսի ծառայություններից․ Երևան–Աբովյան ուղևորության արժեքը սկսվում է մոտ 1500–2500 ՀՀ դրամից՝ կախված կոնկրետ վայրից և ծառայությունից։ Իսկ եթե ձեր ուղղությունը Ծաղկաձոր է, ապա տաքսիով ճանապարհը կարժենա մոտ 5000–8000 ՀՀ դրամ։
Երբ այցելել
Կոտայքի մարզի կլիման բազմազան է՝ պայմանավորված ռելիեֆի մեծ տատանումներով (մոտ 800-ից մինչև 3500+ մետր բարձրություն)։ Մարզում առկա են չոր ցամաքայինից մինչև ցուրտ լեռնային կլիմայական գոտիներ։ Ամառները տաք են ցածրադիր վայրերում և զով՝ բարձրադիրներում, իսկ ձմեռները՝ ցուրտ և ձնառատ։
Այսօր Ծաղկաձորը և Լեռնանիս գյուղը Հայաստանի ամենահայտնի լեռնային հանգստավայրերից են։ Հատկապես հայտնի են ձմեռային սպորտային հնարավորություններով։
Կարևոր
Հայաստանում հաճախ դեռևս անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ։ Շատ վայրեր՝ հատկապես մարզերում, աշխատում են միայն կանխիկով։ Թեև կան ռեստորաններ ու հյուրանոցներ, որոնք ընդունում են քարտային կամ առցանց վճարումներ, դրանք այնքան էլ շատ չեն։ Թանգարաններում ևս հիմնականում կանխիկ է պետք, և հիշեք՝ գրեթե բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։