Արարատ
Ինչու այցելել Արարատ
Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմտյան հատվածում և սահմանակից է Կոտայքի մարզին, Երևանին և Արմավիրին, իսկ հարավում Արաքս գետով բաժանվում է Թուրքիայից՝ շարունակվելով մինչև Նախիջևանի սահմանը։
Մարզի տարածքում է ընկած Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը՝ մոտ 6–13 կմ լայնությամբ, իսկ հյուսիսում ձգվում է Երանոսի լեռնաշղթան։ Սահմանները անցնում են նաև Ազատ գետով և դրա վտակ Գողթով, որոնք կարևոր դեր ունեն մարզի աշխարհագրական պատկերի ձևավորման մեջ։
Ինչ տեսնել
Արարատի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝ սկսած հնագույն քաղաքներից մինչև միջնադարյան վանքեր ու ամրոցներ։
Այստեղ են գտնվում Արտաշատն ու Դվինը՝ Հայաստանի պատմական կարևոր կենտրոններից, ինչպես նաև բազմաթիվ վանական համալիրներ, որոնք դարերի ընթացքում եղել են թե՛ հոգևոր, թե՛ մշակութային կյանքերի առանցք։ Քրիստոնեության խորհրդանիշ հանդիսացող Խոր Վիրապը նույնպես այս մարզում է։ Այն անմիջականորեն կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատմության հետ, ով տարիներ շարունակ բանտարկվել է հենց այստեղ՝ ստորգետնյա փոսում, մինչև Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Այս վայրը հիշեցում է ոչ միայն հավատքի հաղթանակի, այլ նաև այն շրջադարձային պահի մասին, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը։
Եթե բնության սիրահար եք, ապա Խոսրովի արգելոցը այն հազվագյուտ վայրերից է, որը կարելի է կոչել երկրի գանձերից մեկը։ Պարզապես պահպանվող տարածք չէ, այլ մի ամբողջ աշխարհ՝ հարուստ կենսաբազմազանությամբ, հին պատմությամբ ու վայրի բնության անխաթար գեղեցկությամբ։ Արգելոցում մշակված երթուղիներ կան, որոնց միջոցով կարող եք բացահայտել այս վայրի ողջ գեղեցկությունը։
Արարատի մարզում խաղողագործությունը պարզապես գյուղատնտեսական ճյուղ չէ, այլ կենսակերպ։ Այստեղ արևոտ օրերի առատությունը, մեղմ ձմեռները և բերրի հողերը ստեղծում են խաղողի աճի համար գրեթե իդեալական պայմաններ։
Մարզի գյուղերում խաղողի այգիները ձգվում են հորիզոնով մեկ, և տարվա մեծ մասը կապված է հենց դրանց խնամքի, մշակման ու բերքահավաքի հետ։ Աշնանը այս տարածքը կենդանանում է՝ խաղողի հավաքը դառնում է ոչ միայն աշխատանք, այլ նաև փոքրիկ տոն։
Ինչ անել
- Այցելել պատմական հնավայրեր և բացահայտել հին մայրաքաղաքների հետքերը
- Բարձրանալ բերդեր ու վանքեր՝ բաց տեսարանների համար
- Քայլել հարթավայրից դեպի լեռնային հատվածներ՝ տարբեր լանդշաֆտների միջև անցում զգալու համար
- Լուսանկարել Արարատյան դաշտի լայն բաց տարածքները
Ինչ համտեսել
- Մրգեր
- Քաղցր շարոց
- Լավաշ
- Քրչիկ
- Գինի
- Ծիրան
Պարտադիր տեսնելիք
Երանոս լեռ
Խոսրովի արգելոց
Դվին
Դեպի Արարատ ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
- Մասնակցել բերքահավաքի
- Քայլարշավ անել
- Ասորական եկեղեցի գնալ
- Անտիկ շրջանի Դվին մայրաքաղաք այցելել
- Հին Արտաշատը տեսնել
- Ազատի ջրամբար այցելել
- Խոսրովի արգելոց այցելել
- Պ․ Սևակի թանգարան
Ինչպես հասնել
Եթե ընտրում եք հանրային տրանսպորտը, ապա ավտոբուսներն ու երթուղայինները շարժվում են Կիլիկիա ավտոկայանից և Հարավային ավտոկայանից՝ պարբերաբար ուղևորվելով դեպի Արտաշատ և Վեդի։ Ընդամենը մոտ մեկ ժամում արդեն կլինեք մարզում՝ ճանապարհին վայելելով Արարատի դաշտի բացվող տեսարանները։
Ավելի հանգիստ և դիտարժան տարբերակ է գնացքը, որը մեկնում է Սասունցի Դավիթ կայարանից։ Մոտ 1 ժամ 15 րոպե տևողությամբ։
Եթե նախընտրում եք ազատություն և արագություն, ապա մեքենայով կամ տաքսիով ընդամենը 30–40 րոպեում կարող եք հասնել թե՛ Արտաշատ, թե՛ Խոր Վիրապ վանք՝ անցնելով M2 մայրուղիով։ Տաքսին ամենահարմար տարբերակներից է, հատկապես եթե ցանկանում եք արագ ու առանց կանգառների հասնել։
Երբ այցելել
Արարատի մարզ այցելելու լավագույն ժամանակը գարունն է և վաղ աշունը՝ այն պահերը, երբ բնությունն ու եղանակը ստեղծում են ճամփորդելու ամենահարմար տրամադրությունը։
Գարնանը (ապրիլ–մայիս) մարզը վերածվում է գունավոր հեքիաթի՝ ծաղկած ծիրանենիները փափուկ վարդագույն շերտով ծածկում են դաշտերը, իսկ Արարատ լեռը դեռ սպիտակ ձյան մեջ է՝ ստեղծելով հազվագյուտ գեղեցիկ հակադրություն։ Ջերմաստիճանը մեղմ է, մոտ 12–25°C, ինչը իդեալական է երկար զբոսանքների և տեսարժան վայրերի բացահայտման համար։
Ամռանը (հունիս–օգոստոս) Արարատյան դաշտում շոգը կարող է հասնել մինչև 40°C և ավելի, բայց դա նաև տարվա ամենահամեղ շրջանն է՝ հասունանում են արևահամ մրգերը, հատկապես՝ ծիրանը, որն այստեղ պարզապես պարտադիր է փորձել։
Աշնան սկզբին (սեպտեմբեր–հոկտեմբեր) եղանակը կրկին դառնում է հաճելի ու հավասարակշռված։ Սա բերքահավաքի ժամանակն է, երբ մարզը լցվում է կյանքի ու աշխատանքային եռուզեռով, իսկ գինու սիրահարների համար սկսվում է բացահայտումների լավագույն շրջանը։
Յուրաքանչյուր սեզոն իր կերպով գեղեցիկ է, բայց եթե ուզում եք տեսնել Արարատի մարզը իր ամենատպավորիչ գույներով, ընտրեք գարունը կամ աշնան սկիզբը։
Կարևոր
Հայաստանում հաճախ դեռևս անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ։ Շատ վայրեր՝ հատկապես մարզերում, աշխատում են միայն կանխիկով։ Թեև կան ռեստորաններ ու հյուրանոցներ, որոնք ընդունում են քարտային կամ առցանց վճարումներ, դրանք այնքան էլ շատ չեն։ Թանգարաններում ևս հիմնականում կանխիկ է պետք, և հիշեք՝ գրեթե բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։