Ամեն ինչ սկսվեց պարզ Տավուշի բնության հանդեպ մի անսահման սիրուց։ Սկզբում ընկերների հետ էին գնում արկածային ճանապարհներով, հետո հասկացան, որ այդ փորձառությունը կարելի է կիսել ուրիշների հետ, որպեսզի նրանք ևս ճանաչեն Կիրանցի բնությունն ու պատմամշակութային կոթողները։ Այդպես ծնվեց վիլիսով Արկածային տուրեր Կիրանցում-ի գաղափարը Կիրանցի Ռուդիկ Ավալյանի մտքում։
Վիլիսով տուրն իրական արկած է։ Դու ոչ միայն հասնում ես նախընտրած վայրը, այլ վայելում ես հենց ճանապարհը՝ անցնելով դժվարանցանելի ուղիներով, անտառներով, գետերով ու վայրերով, որոնք սովորական տուրերով պարզապես անհասանելի են։ Ադրենալինը, ազատության զգացումը, բնության հետ անմիջական կապն ու հայտնի-անհայտ մշակութային կոթողներ տեսնելու հնարավորությունը, ահա թե ինչն է մարդկանց ամենաշատը գրավում։
Ամենահայտնի երթուղիների թվում են Առաքելոց վանքը, Կիրանցի ու Սամսոնի Դեղձնուտի վանքերը, Սրանոցի կամուրջը, ինչպես նաև անտառային ու լեռնային ճանապարհներով անցնող ուղղությունները։ Կա, սակայն, մի հատուկ վայր, որի մասին քչերը գիտեն՝ Հարսնաքարը՝ անտառի խորքում, ուր բացվում են անհավանական տեսարաններ։
Եթե գալիս ես Կիրանց առաջին անգամ, ապա Կիրանցի վանք տանող ճանապարհն ամենալավ ընտրությունն է՝ բնության, պատմության ու արկածի կատարյալ համադրություն։ Հարմարավետ հագուստ, կայուն կոշիկներ, բաճկոն եղանակի փոփոխության համար, ու կարևորը անվտանգության կանոններ, բնության հարգանք, թիմային ոգի։
Մնացածն անում է Տավուշն ու վիլիսը։
Մանրամասների համար թողնում եմ հղում՝ Արկածային տուրեր Կիրանցում
Հեռ՝ +374 55 35 85 (Ռուդիկ)
Ռուդիկի հետ ընտրեցինք մեկ երթուղի։ Վանքը Կիրանց գյուղից 13 կիլոմետր հեռու է, անտառի խորքում, ու հենց այդ ճանապարհն արդեն հրաշք է ինքնին։ Միայն գնալը վիլիսով տևում է 40 րոպե, կանգնելով, լուսանկարվելով ու վայելելով։ Ողջ տուրի արժեքն է 25․000 դրամ։
Վանքն աղյուսաշեն հորինվածքով հայկական եկեղեցաշինության եզակի օրինակներից մեկն է։ Ճարտարապետական կառուցվածքի հիման վրա մասնագետները այն թվագրում են 13-րդ դարով։ Բայց ամենագրավիչը, թերևս, անվան պատմությունն է։ Ըստ ավանդության՝ մի քարագործ վարպետ ուներ շատ ընդունակ աշակերտ։ Այդ աշակերտը մեն-մենակ կառուցեց այս վանքը, ու երբ վերջացրեց, կանչեց վարպետին՝ իր առաջին աշխատանքը գնահատելու։ Վանքն այնքան փառահեղ էր, որ անվանի վարպետը նախանձեց։ Ամեն կերպ փորձեց թերություն գտնել չկարողացավ։ Երկար մտածելուց հետո վերջապես ասաց. «Կիրը անց է կացրել»։ Այդ օրվանից վանքի անունը մնաց Կիրանց։
Ճանապարհին Ռուդիկը հիշեց, որ մի ձմեռ, Կիրանց գնալու ճանապարհին, ջրափոսի սառույցը կոտրվեց, ու մեքենան խրվեց։ Մի քանի ժամ, ձյուն, ցեխ, կապ չկար։ Բայց հաղթահարելուց հետո՝ Կիրանց հասնելուց հետո, դա դարձավ ամենահիշվող օրերից մեկը։ Ու հենց նման պատմություններն են, որ ստեղծում են այս տուրի հոգին։
Կիրանց վանքի տարածքում նախկինում եղել է Մեծ Կունեն խոշոր բնակավայրը, որտեղ ապրում էին քաղկեդոնականությունն ընդունած հայեր: Եվ հենց այդ ժամանակաշրջանում էլ կառուցվել է վանքը: Սրանով է բացատրվում վանքի քաղկեդոնական եկեղեցիներին բնորոշ որոշակի առանձնահատկությունները:
Հաճախ են լինում մարդիկ, ովքեր սկզբում վախենում են ճանապարհներից, բայց ի վերջո հենց իրենք են ուզում ավելի էքստրիմ։ Տուրն ավարտվում է մի տեսակ կախվածությամբ՝ ոգևորված, գոհ ու ցանկությամբ, որ հնարավոր լիներ ավելի ուշ ավարտվեր, կամ ընդհանրապես չավարտվեր։
Զանգ։ Առջևում 7-օրյա ճանապարհորդություն Հայաստանում և
Ոլորապտույտ ճանապարհը ձեզ կտանի դեպի անտառաշատ լեռնալ