Հայաստանում կան վայրեր, որոնք պարզապես գեղեցիկ չեն, այլ ստիպում են կանգ առնել, լռել ու մի փոքր ավելի ուշադիր նայել շուրջբոլորը։ Խոսրովի անտառ պետական արգելոցն այդ վայրերից մեկն է։
Եթե սիրում եք բնությունը, պատմությունը և այն ճանապարհները, որտեղ զբոսաշրջիկներից ավելի շատ թռչունների ձայներ են լսվում, ապա այս վայրն անպայման պետք է ներառեք ձեր ցանկում։ Այստեղ ամեն քայլափոխի զգում ես, որ բնությունն ապրում է իր կանոններով, իսկ մարդը պարզապես հյուր է։
Խոսրովի անտառ պետական արգելոցը Հայաստանի ամենահին պահպանվող տարածքներից է և համարվում է Հարավային Կովկասի կարևորագույն կենսաբազմազանության կենտրոններից մեկը։
Ընդամենը մոտ 23 հազար հեկտար տարածքում հանդիպում է շուրջ 1800 տեսակի բարձրակարգ բույս, ինչը բացառիկ ցուցանիշ է։ Համեմատության համար՝ ամբողջ Կովկասյան էկոտարածաշրջանում հայտնի է մոտ 6000 բուսատեսակ, որոնց գրեթե մեկ երրորդը կարելի է գտնել հենց այստեղ։
Սա այն վայրերից է, որտեղ յուրաքանչյուր սեզոն փոխում է բնապատկերը, բայց չի փոխում նրա բնավորությունը։
Ֆիլմը ստեղծվել է Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ աջակցությամբ:
Խոսրովի անտառ այցելելուց առաջ կարևոր է հասկանալ մեկ բան։ Այն զբոսայգի չէ։ Արգելոցում բնությունը պահպանվում է հնարավորինս անխաթար վիճակում, ուստի այցելությունները կազմակերպվում են սահմանված երթուղիներով։ Հենց այդ ճանապարհներով կարելի է բացահայտել ամենագեղեցիկ տեսարանները, պատմական հուշարձաններն ու ջրվեժները՝ չվնասելով այս բացառիկ էկոհամակարգը։ Երբ հասկանում ես, թե ինչու են այստեղ կանոնները խիստ, սկսում ես ավելի մեծ հարգանքով վերաբերվել այս վայրին։
Խոսրովի անտառի ամենահայտնի պատմական հուշարձանը Հավուց Թառ վանական համալիրն է։
Այն հիշատակվում է դեռևս 1013 թվականից և միջնադարյան Հայաստանում եղել է կարևոր կրոնական ու կրթամշակութային կենտրոն։ Այստեղ գործել են գրչության դպրոցներ, ստեղծվել են ձեռագրեր, իսկ երաժշտական կրթությունն իր կարևոր տեղն է ունեցել վանքի կյանքում։
Թեև երկրաշարժերը զգալի վնաս են հասցրել համալիրին, այսօր էլ այն շարունակում է զարմացնել իր ճարտարապետությամբ ու շրջակա բնությամբ։
Խոսրովի անտառի ամենագեղեցիկ անկյուններից են Վահագնի և Աստղիկի ջրվեժները։ Հայկական դիցաբանության համաձայն՝ Վահագնը հաղթել է վիշապին ու վերադարձրել աշխարհին սերն ու գեղեցկությունը, իսկ Աստղիկը՝ սիրո ու ջրի աստվածուհին, լողացել է այս լեռնային ջրերում։
Երբ կանգնում ես ջրվեժների մոտ, դժվար է չմտածել, թե ինչու են հենց այս վայրերը դարձել հայկական լեգենդների մի մասը։
Խոսրովի անտառի ամենահայտնի բնակիչը, անկասկած, առաջավորասիական ընձառյուծ Նեոնն է։
Նա հազվադեպ է երևում մարդկանց, սակայն նրա ներկայությունն արդեն իսկ խոսում է արգելոցի առողջ էկոհամակարգի մասին։ Ընձառյուծը սննդային շղթայի գագաթին գտնվող գիշատիչ է, իսկ յուրաքանչյուր առանձնյակի մորթու նախշերը նույնքան եզակի են, որքան մարդու մատնահետքերը։
Նեոնը դարձել է ոչ միայն Խոսրովի անտառի, այլև Հայաստանում վայրի բնության պահպանության խորհրդանիշներից մեկը։
Եթե հաջողակ եք, ապա արգելոցում կարող եք հանդիպել կամ գոնե նրանց հետքերն ու ներկայության նշանները նկատել։
Այստեղ ապրում են.
Բայց նույնիսկ եթե կենդանիներին չտեսնեք, նրանց ներկայությունն այստեղ զգացվում է ամեն քայլափոխի։
Հայաստանում հանդիպում են թունավոր օձերի չորս տեսակ, որոնցից մի քանիսը բնակվում են նաև Խոսրովի անտառում։
Բնության մեջ նրանց հանդիպելը հնարավոր է, սակայն շատ հազվադեպ։ Եթե քայլում եք նշված արահետներով, կրում եք փակ կոշիկներ ապա վտանգը նվազագույն է։ Օձերը սովորաբար առաջինը չեն հարձակվում և փորձում են հեռանալ մարդկանցից։
Բնության նկատմամբ հարգանքը միշտ լավագույն պաշտպանությունն է։
Գեղամա լեռնաշղթայից սկիզբ առնող Ազատ գետը հազարամյակների ընթացքում ձևավորել է այս վայրի կիրճերը ու դժվարամատչելի ձորերը։
Առանց Ազատ գետի դժվար կլիներ պատկերացնել այս ամբողջ բնական աշխարհը։
Եթե սիրում եք ճանապարհորդել Հայաստանում ապա Խոսրովի անտառը այն վայրերից է, որը պետք է տեսնել գոնե մեկ անգամ։
Այստեղ կտեսնեք ոչ միայն հնագույն վանքեր, տպավորիչ ջրվեժներ ու հազվագյուտ կենդանիների բնակավայր, այլև կհասկանաք, թե որքան հարուստ և փխրուն է Հայաստանի բնական ժառանգությունը։
Խոսրովի անտառը պարզապես արգելոց չէ։ Սա այն վայրերից է, որտեղ բնությունը դեռ պատմում է իր սեփական պատմությունը և եթե մի փոքր լռեք, հաստատ կլսեք այն։
Որտե՞ղ է գտնվում Խոսրովի անտառ պետական արգելոցը։
Արգելոցը գտնվում է Արարատի մարզում՝ Երևանից մոտ մեկ ժամ ճանապարհի վրա։
Ի՞նչ կարելի է տեսնել այստեղ։
Հավուց Թառ վանական համալիրը, Վահագնի և Աստղիկի ջրվեժները, Ազատ գետը, հազվագյուտ բուսատեսակներ, ինչպես նաև վայրի կենդանիների բնակավայրերը։
Կարելի՞ է ինքնուրույն այցելել։
Ինքնուրույն կարելի է այցելել միայն Հավուց Թառ վանական համալիրը, իսկ արգելոցի մյուս հատվածներ այցելությունը հնարավոր է միայն ուղեկցորդի ուղեկցությամբ։
Ե՞րբ է լավագույն ժամանակը այցելելու։
Գարնան վերջից մինչև ուշ աշուն արգելոցը հատկապես գեղեցիկ է, սակայն յուրաքանչյուր եղանակ այստեղ ունի իր առանձնահատուկ հմայքը։
Յուրաքանչյուր ոք ինչ-որ բանից վախենում է։ Շատերը շների
Տան դուռը հինգ րոպե ուշացումով բացվեց, հավատարիմ չորքո