Երբ ChatGPT-ն ասում է «must see», իսկ դու ուզում ես «must feel»
Ժամանակին ճանապարհորդելու համար տպագիր քարտեզներ էինք վերցնում, մարդկանցից էլ հարցնում էինք ուղիներ, իսկ հիմա ուղղակի գրում ենք․ «best local places near me»․․․Ճանապարհորդությունն ավելի դյուրին է դարձել, բայց արդյո՞ք նույնքան մաքուր ու անկեղծ է։ Արհեստական բանականությունը (ԱԲ) այսօր ներթափանցել է գրեթե բոլոր ոլորտներ, այդ թվում՝ զբոսաշրջություն։ Մենք օգտագործում ենք այն՝ զբոսաշրջային ուղղություններ առաջարկող պլատֆորմներում, «խելացի» ճանապարհորդական օգնականներում ինչպիսին է ChatGPT-ն, թարգմանություններում, ճանապարհների պլանավորման, գների համեմատման, հյուրանոցներ գտնելու ու նույնիսկ հուշանվեր ընտրելու հարցում։
Իհարկե, արհեստական բանականությունը զգալիորեն հեշտացրել է մեր կյանքը․ խնայում ենք ժամանակ, նվազում է լարվածությունը, և այն դարձել է մեր շատերի գրպանի մշտական ընկեր։
ԱԲ գործիքները կարող են վայրկյանների ընթացքում տալ ճշգրիտ երթուղի, հաշվարկել ծախսերն ու առաջարկել լավագույն տարբերակները։ Եթե դուք սիրում եք լեռներ, ԱԲ-ն կարող է առաջարկել հենց այն վայրը, որի մասին երազել եք ու չգիտեիք որ կա։ Երբ դուք ճանապարհորդում եք անհայտ լեզվով երկրում, ԱԲ թարգմանիչները (օրինակ՝ Google Lens կամ Deepl) դառնում են ձեր լեզվական փրկարարները։ GPT-ի պես մոդելները կարող են խորհուրդ տալ ոչ միայն հայտնի տեսարժան վայրեր, այլ նաև լոկալ, ոչ տուրիստական ռեստորաններ, գյուղեր, պատմություններ։ Որոշ հավելվածներ օգտագործում են ԱԲ՝ վտանգավոր վայրերն արձանագրելու կամ կեղծ տեղեկատվությունից պաշտպանելու համար։
Իհարկե, այս ամենը առաջին հայացքից կարող է շատ ռոմանտիկ թվալ․ այլ է, երբ մենակ ես ճանապարհին, և այլ է, երբ քեզ հետ կա ինչ-որ «մեկը»։Բայց եկեք դիտարկենք հարցը մեկ այլ կողմից։ Արհեստական բանականությունը, ինչպես տարբեր օրինակներ և իմ անձնական փորձն են ցույց տվել, ունի նաև իր բացասական կողմերը։
Անձնական փորձառության կորստի վտանգ
Երբ ամեն ինչ անում է արհեստական բանականությունը, դուք կարող եք կորցնել իրական, թեկուզ փոքր-ինչ խառը, բայց անկրկնելի փորձառությունը՝ մոլորվել մոռացված գյուղում, ճանապարհ հարցնել մի ժպտացող տեղացուց կամ պատահաբար հայտնաբերել հնագույն մի եկեղեցի։ Այդ պահերը տեխնոլոգիան երբեք չի կարող փոխարինել։
Տվյալների գաղտնիության խնդիր
Որքան ավելի շատ տեղեկատվություն ենք կիսում, այնքան ավելի հեշտ է վերահսկել մեր նախընտրությունները։ ԱԲ-ն հաճախ «գիտի» մեր ցանկությունները ավելի լավ, քան մենք՝ վտանգելով մեր անձնական ազատությունն ու ինքնավարությունը։
Արհեստական «թոփ» ցուցակներ
Շատ «լավագույն» վայրեր, որոնք առաջարկվում են ԱԲ-ի միջոցով, երբեմն հիմնված են ոչ թե իսկական արժեքի, այլ սպոնսորության, տվյալների հաճախականության կամ վճարովի դիրքերի վրա։ Արդյունքում կարող եք բաց թողնել այն անկյունը, որը ձեզ իսկապես հուզելու էր։
Երբ հարցնում եք՝ «Best cafes in Yerevan», շատ հնարավոր է, որ ստանաք այն սրճարանները, որոնք ունեն լավ SEO, բայց ոչ անպայման՝ լավ սուրճ։ Իսկ համեղը մնում է կանգառի դիմացի մի փոքրիկ անկյունում, որտեղ սուրճը եփում են սիրով։
Աշխատաշուկայի վրա ազդեցություն
Գիդերը, տուրիստական գործակալները, լեզվաբաններն ու թարգմանիչները աստիճանաբար զիջում են իրենց տեղը տեխնոլոգիաներին։ Սա վտանգում է ոչ միայն աշխատատեղերը, այլ նաև մարդկային շփման ջերմությունը։
Անհատական մոտեցման պակաս
Ինչքան էլ ԱԲ-ն զարգանա, այն երբեք չի կարող ձեզ հասկանալ ու զգալ այնպես, ինչպես փորձառու մի գիդ կամ տեղացի՝ ով ձեզ իր բակի լեգենդը կպատմի, կընթրի ձեզ հետ ու ճանապարհին հին քարե պատը ցույց կտա՝ ասելով. «էս մեր գյուղի սիրտն է»։
ԱԲ-ն չգիտի, որ պայմանական, մայիս ամսին թրթուրներն այնքան շատ են, որ կարող եք փոշմանել հեծանվով գալու համար։ Բայց տեղացին այդ մասին կպատմի ու ձեզ նաև կհյուրասիրի թթի օղի՝ վախը հաղթահարելու համար։
ChatGPT-ն, օրինակ՝, չի ասի ձեզ, որ Հայաստանի շատ վայրերում պարզապես պարտադիր է ունենալ թղթադրամ։ Քարտը քաղաքում հարմար է, բայց գյուղերում տերմինալներ գտնելը կարող է դառնալ իրական արկած։
Հավատացեք ինձ՝ որպես Հայաստանում ակտիվ շրջող մարդ՝ լիքը փոշոտված ու մոլորված, քարտեզ տեսած, կարող եմ վստահ ասել, որ ChatGPT-ին կարելի է հարց տալ ու հետո մի լավ ուղղել։ Իրականում, մեր հայեցի բնավորությունը նա արդեն մի քիչ «սովորել է» — նայեք, թե ինչ է ասում զբոսաշրջիկներին․
- Հայերենը գուցե առաջին օրը հնչի որպես չակերտներով լեզու։ Բայց «բարև» ու «մերսի» ասելը մեծ բան է։ Իսկ եթե ուզում ես տպավորել՝ սովորի՛ր ասել
«Ես քեզ շատ եմ սիրում, Հայաստան» – “Yes k’ez shat em sirum, Hayastan”։
Կտեսնես՝ ինչ սիրուն աչքերով կպատասխանեն։ - Հայկական բարությունը միշտ փափուկ չէ։ Երբ մարդիկ ասում են՝
– «Էս ինչ վատ ես հագնվել» կամ
– «Ամուսնացած չե՞ս դեռ»,
սիրով են ասում։ Դա իրենց ձևն է՝ հոգ տանելու։
Զբոսաշրջիկը կարող է հազարավոր հարցեր տալ, և դրանցից շատերին ChatGPT-ն կպատասխանի այնպիսի վստահությամբ, որ կմտածեք՝ մայրը հայ է, երևի հենց Վարդենիսից։ Բայց կան նաև դեպքեր, երբ նա մի բան կհորինի, որ կապ չունի իրականության հետ։
Ինչպես մեզանից ամեն մեկը, զբոսաշրջիկն էլ, բնականաբար, ուզում է իմանալ՝ «լավ, լավ, բայց էստեղ ինչ վտանգներ կան՞»։ Ու հենց այս անմեղ հարցից հետո ես որոշեցի մի քիչ խուզարկել, պատասխանը ներքևում․
⚠️ Ինչ վտանգներ կարող են լինել Հայաստանում
🚘 Հայաստանում վարորդները հաճախ գերակտիվ են՝ արագություն են գերազանցում, կայանում են անկանոն։
🏞️ Հայաստանը լեռնային երկիր է, ու եղանակը կարող է կտրուկ փոխվել։
Օրինակ՝ Արագածում հուլիսին արևից կարող եք անցնել ձյան կամ մառախուղի մեջ։
🚫 Հայաստանի որոշ սահմանամերձ շրջաններ՝ հատկապես Ադրբեջանի կամ Նախիջևանի մոտ, դեռ պարունակում են ականապատված կամ ռազմական վտանգավոր գոտիներ։
🐕 Գյուղերում երբեմն հանդիպում են չպատվաստված կամ չվերահսկվող շներ։ Իսկ լեռներում՝ գիշատիչ կենդանիներ հազվադեպ, բայց կան։
⚠️ Հայաստանը երբեմն լինում է լարված տարածաշրջանային իրավիճակների մեջ, հատկապես՝ Արցախյան հակամարտությունից հետո։
💧 Երևանում ջուրը խմելու համար հիանալի է, նույնիսկ ծորակից։ Բայց որոշ գյուղերում կամ լքված վայրերում պետք է զգուշանալ։
Գիտեք արդեն՝ լեգենդների հանդեպ իմ սերն անսահման է։ Երբ հարցրեցի արհեստական բանականությանը, թե ինչ լեգենդներ պետք է իմանա զբոսաշրջիկը Հայաստան գալուց առաջ, այն սիրով առանձնացրեց մի քանի կետ։ Բայց մի անհանգստացեք՝ ես կողքին եմ՝ ասելու, որն է մերն իսկապես, իսկ որն էլ՝ AI-ի վառ երևակայության արդյունք։ Ըստ նրա՝ 5 լեգենդ, որոնք արժե իմանալ, եթե պատրաստվում եք հանդիպել Հայաստանի հոգուն։
- Արարատյան լեռան Գառնիկը
Ասում են, որ Նոյը, տապանած «Արարատ» նավակով, կանգ է առել Արարատ լեռան վրա, և հենց նրա դուստրը՝ Գառնիկը, լեռան գագաթից նայելիս տեսել է նոր աշխարհը՝ մաքուր ու նոր։ Այս լեգենդը խորհրդանշում է նոր սկիզբը և Հայաստանի հիմնադրումը։
- Հրաչյա և Մարոյի սերը
Անմահ սեր պատմություն է, որը ծագել է հայկական փոքրիկ գյուղերից մեկում։ Հրաչյան՝ քաջ ու սիրառատ երիտասարդ, խանգարվում է դժբախտ պատահարից, բայց Մարոյի սիրով ողջունվում է նոր կյանք։ Սերն ու հավատը հաղթանակ են տալիս՝ անգամ ամենածանր իրավիճակներում։
- Վահագնի մոմը
Ասում են, որ հին դիցաբանության համաձայն՝ Վահագն աստվածը Հայաստանում լուսավորել է մարդկանց սրտերը՝ կրակի և մոմի միջոցով։ Այս լեգենդը խորհրդանշում է ուժն ու տոկունությունը, որը փոխանցվել է սերունդներից սերունդ։
- Սասնա ծռերի առասպելը
Սասնա ծռերը հայոց հերոսներ են, որոնք եղել են ազատության ու անկախության պայքարի առաջամարտիկներ։ Լեգենդը պատմում է նրանց քաջագործությունների մասին՝ որպես հզոր սիմվոլներ հայրենասիրության և ուժի։
5. Արենիի գինու գաղտնիքը
Արենի գյուղի մոտ գտնված հնագույն գինու խցանը և համը կապված են լեգենդի հետ, որը պատմում է, որ այդ գինին տրվել է մարդկանց հին աստվածների կողմից՝ հարստացնելու նրանց կյանքը և ապահովելու երջանկություն։
Անկեղծ ասած՝ ես ինքս էլ այդքան զարգացած երևակայություն չունեմ, որ նման լեգենդներ հորինեմ։ Բայց բավականին ծիծաղել եմ․․․
Օրինակները շատ են, և ոչ միայն Հայաստանի մասին։ Շատ տարբեր երկրներ, բնականաբար, կունենան նմանատիպ հոդվածներ՝ իրենց առանձնահատկություններին վերաբերվող։ Այո, արհեստական բանականությունն իրոք զգալիորեն հեշտացրել է աշխատանքը բազմաթիվ ոլորտներում։ Բայց ի՞նչ անել, որ ԱԲ-ն նաև ճիշտ ներկայացնի մեր երկիրը՝ Հայաստանը։
- Ստեղծել որակյալ, բազմալեզու բովանդակություն։ Գրել՝ բլոգ, հոդված, վերլուծություն, նույնիսկ մեկնաբանություն, բայց հստակ և ստուգված տեղեկություններով։ Թարգմանել այն անգլերեն, նաև ցանկալի է ռուսերեն կամ ֆրանսերեն։ AI-ը սովորում է այն բովանդակությունից, որն առկա է ինտերնետում՝ հատկապես մեծ պլատֆորմներում։
Եթե Google-ը քեզ չգտնի՝ ChatGPT-ն էլ չի գտնի։
- Գրանցել բովանդակությունը՝ Medium, Wikipedia, Reddit, TripAdvisor, YouTube։ Եթե դուք պատմում եք Հայաստանում ինչ-որ բան՝ ինչպես այն իրականում է, ապա ալգորիթմը հետագայում դա կներառի որպես հավաստի աղբյուր։
- Որքան օբյեկտիվ ես՝ այնքան վստահելի ես դառնում AI-ի համար։ Օրինակ՝ գրել՝ «Սևանում ջուրը գեղեցիկ է, բայց գարնանը ցուրտ է լողալու համար»՝ ավելի լավ է, քան «Սևանը աշխարհի ամենալավ լիճն է»։
- Օգտագործիր ճիշտ keywords (հիմնաբառեր)։ Օրինակ՝ գրելով «Aragats mountain hiking route Armenia» կամ «how safe is Yerevan solo travel», դուք ոչ միայն օգնում եք մարդկանց, այլ նաև «սովորեցնում եք» AI-ին, որ դա գոյություն ունի։ Լավ keyword-ները կարող են բառացիորեն վերափոխել թեմայի ներկայությունը։
- Խոսեք ձեր փորձառությունից՝ անձնական պատմությունները ավելի են մտապահվում։ Լավ օրինակ. «Ես մենակ գնացի Արագածի գագաթ, ու ահա ինչ նկատեցի» — սա շատ ավելին է, քան ընդհանուր նկարագրություն։ ChatGPT-ն (և նման մոդելները) հաճախ ներառում են օգտատերերի պատմությունների հիման վրա սովորած տեղեկություն։
Որպես վերջաբան՝ կարող եք ծանոթանալ lil.am-ի Հայաստանին։ Ոչ թե AI-ով գրված, այլ սեփական քրտինքով, մրսած քթով ու երբեմն մոլորված՝ բայց անցած յուրաքանչյուր ճանապարհով։ Այստեղ դուք կգտնեք իրական փորձով, իրական վայրերով ու իրական բույրով լի պատմություններ։ Ես գրել եմ այն մասին, ինչ ապրել եմ՝ մոռացված գյուղերից մինչև այն գագաթները, որոնց հասնելը երբեմն դառնում է մոլուցք։ Հյուրընկալություն, որը չես կարող ծրագրավորել, ու կոշիկի մեջ քար, որը ոչ մի ալգորիթմ չի ջնջի։
Դա պարզապես Արհեստական Բանականությամբ գրված Հայաստան չէ։ Դա իմ Հայաստանն է՝ կենդանի ու անկանխատեսելի։