Սիսիան․ Երբ հյուրընկալությունը եղանակից էլ տաք է
Հայերիս հյուրընկալությունը միշտ էլ եղել է մեր այցեքարտը, բայց Սիսիանում այն պարզապես ջերմ ընդունելություն չէ։ Այստեղ հյուրընկալությունը նյութական առատաձեռնությունից վեր է՝ այն մարդկային հոգու մեծության դրսևորում է։
Ուղևորվում եմ Սիսիան քաղաք, որտեղ գրեթե միշտ զով է, ուստի մի մոռացեք՝ տաք հագուստ անհրաժեշտ է։ Բայց հավատացեք՝ տեղաբնակների բարությամբ ու հոգատարությամբ տաքանում ես ներսից։ Այդ հարգալից ու առատաձեռն վերաբերմունքը երբեք չի թողնում, որ դու քեզ օտար կամ մենակ զգաս։
Սիսիան տանող երթուղայինը շարժվում է Երևանի կենտրոնական ավտոկայանից։ Վճարելով 2300 դրամ՝ նստում եմ երթուղայինը, որը ամեն օր շարժվում է առավոտյան ժամը 9-ին։ Մայրաքաղաքից ուղևորվում եմ 217 կմ դեպի հարավ՝ նոր բացահայտումների, դրական լիցքերի ու վառ տպավորությունների ճանապարհով։
Սիսիանի զբոսաշրջային կենտրոնը․ ինչ ստանալ այնտեղ
Սիսիանում իմ առաջին կանգառը հենց զբոսաշրջային կենտրոնն էր։ Այն գտնվում է քաղաքի սրտում՝ հրապարակում, Արամ Մանուկյան 2 հասցեում։ Թեև քաղաքը փոքր է, բայց այս կենտրոնը մեծ գործ է անում․ այստեղից ստացա երկլեզու քարտեզներ, բրոշյուրներ ու օգտակար խորհուրդներ, որոնք միանգամից կազմավորեցին ուղևորությանս կադրը։
Ինձ համար միշտ կանոն է․ եթե մի վայրում գործում է զբոսաշրջային կենտրոն, ես անպայման այցելում եմ։ Ինչու՞։ Որովհետև տեղաբնակներն են լավագույն ուղեցույցները։ Նրանց պատմությունները, խորհուրդները և տեղային նրբությունները հաճախ ավելի արժեքավոր են, քան այն, ինչ կարող ես գտնել համացանցում։
Սիսիանի զբոսաշրջային կենտրոնում ոչ միայն տեղեկատվություն կստանաք, այլև՝ գործնական աջակցություն։ Կարող եք վարձակալել վրաններ, լեռնային հեծանիվներ, ձկնորսական կարթեր և նույնիսկ օգտվել ուղեկցորդի ծառայություններից։ Սա հրաշալի տարբերակ է, եթե ինքնուրույն ճանապարհորդել չեք սիրում կամ նախընտրում եք վայելել շրջայցը փորձառու ուղեկցորդի հետ։
Սիսիանի պատմության թանգարան․ Սյունիքի մշակույթի ու անցյալի բանալի
Սյունիքի պատմության, մշակույթի և կենցաղի մասին ամբողջական պատկերացում ստանալու լավագույն վայրերից մեկը Սիսիանի պատմության թանգարանն է։
Թանգարանում ներկայացված են Սիսիանի շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները՝ սկսած նախնադարից մինչև ուշ միջնադար։ Բայց ամենաուշագրավ մասերից մեկը թանգարանի բացօթյա հատվածն է՝ շուրջ 50 քարե հուշարձաններով, որոնց թվում է նաև մի հին բազալտե սարկոֆագ։ Նրա վրա կա գրույթուն։ Հնագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ այն թվագրվում է 11-12-րդ դարերին։ Մասնագետների կարծիքով, սարկոֆագը կարող էր պատկանել Սյունիքի և Բաղքի թագավորության նախավերջին արքա Գրիգոր Բ-ին։
Հետաքրքիր մի փաստ ևս․ վիմագիրը փորագրված է սարկոֆագի կողային հատվածին, ոչ թե վերևի վրա, ինչը ենթադրում է, որ այն տեղադրված է եղել դամբարանային կառույցի մեջ և չի թաղվել հողի տակ։ Ցավոք, այդ կառույցը չի պահպանվել։
Թանգարանի հասցեն՝ Ադոնցի փողոց 6ա, Սիսիան
Մուտքի տոմսերի արժեքը՝
- Մինչև 12 տարեկան՝ անվճար
- 12-18 տարեկան՝ 500 դրամ
- 18+՝ 1000 դրամ
- Էքսկուրսիա հայերեն՝ 2000 դրամ
- Էքսկուրսիա անգլերեն/ռուսերեն՝ 3000 դրամ
Նավարկություն Որոտան գետով․ Սիսիանի ջրային անակնկալը
Սիսիանի գեղեցկությունը միայն լեռներն ու պատմությունը չեն։ Քաղաքը գտնվում է Որոտան գետի երկու ափերին, ու հենց այդտեղ է սպասում հերթական անակնկալը՝ ջրային արկած։
Քաղաքային տուրի ընթացքում հեշտությամբ կհասնեք նորակառույց, խնամված այգի, որի միջով քայլելով՝ կհայտնվեք գետի ափին։ Հենց այստեղ սկսվում է այն, ինչ ես կանվանեի «Երջանիկ նավարկություն»։ Մի փոքրիկ, բայց անմոռանալի ջրային ճամփորդություն՝ Որոտան գետով։
Մեկ ժամ նավարկությունը արժե ընդամենը 500 դրամ։ Այդ մի ժամը ոչ թե անցնում է, այլ սահում է՝ գրեթե աննկատ, թողնելով ջերմ հուշ ու հանգստացնող զգացողություն։ Ինչ վերաբերում է զգացողություններին՝ թույլ տվեք չմեկնաբանել։ Ավելի լավ է դուք էլ փորձեք ու կիսվեք ձերով։ Վստահ եղեք, մեկ ժամն իսկապես ակնթարթ կթվա։
«Սիսիան Կերամիքս»․ Կավի ու ստեղծագործության խաչմերուկում
Սիսիանում իմ ճանապարհորդությունը շարունակվում է դեպի մի վայր, որտեղ անցյալն ու ներկան միահյուսված են կավի մեջ։ Խեցեղենը մինչ այսօր կենդանի է հայկական կենցաղում, և դրա լավագույն վկայությունն է «Սիսիան Կերամիքս» արվեստանոցը։
Վահագնի մասին արդեն ամիսներ առաջ գրել էի․ նրա ղեկավարած կենտրոնը ոչ միայն ուսումնասիրում է հայկական խեցեգործության պատմությունն ու հնագույն տեխնոլոգիաները, այլև փոխանցում է դրանք նոր սերնդին։
Այստեղ կարող եք սեփական ձեռքերով պատրաստել խեցե իրեր՝ հին հայկական զարդանախշերով։
Բասեն հյուրանոց․Տուն՝ Սիսիանում
Հյուրանոցը, որտեղ պատրաստվում էի գիշերել, կոչվում է Բասեն։ Բայց «հյուրանոց» բառը լիարժեք չի նկարագրում այս վայրը։ Բասենը մեծ ընտանիք է, որտեղ դու մինչև այցելությունը՝ պարզապես հյուր ես, իսկ դրանից հետո՝ ընտանիքի անդամ։ Այստեղ սերն ու ջերմությունն այնքան շատ են, որ բոլորին բավարարում են։
Բասենը վաղուց էի բացահայտել։ Այստեղ եմ առաջին անգամ սովորել հայկական երգեր, պարեր ու համտեսել Քյալագյոշ՝ վանեցի խոհանոցի ավանդական կերակրատեսակ, որն ունի Ուրարտուի ժամանակներից հասած պատմություն։
Բասեն հյուրանոցն առաջարկում է նաև այցելություններ դեպի Սիսիանի շրջակա տեսարժան վայրերը՝ Ուղտասար, Շաքիի ջրվեժ, Որոտնավանք, Տոլորսի ջրամբար… ցանկը շարունակական է։
Գիշերակացը Բասենում արժե 14 000 դրամ, և ես սա անկեղծորեն խորհուրդ եմ տալիս։ Սա ուղղակի գիշերելու տեղ չէ։ Սա փորձառություն է՝ ջերմությամբ, հյուրընկալությամբ, իսկական հայկական վերաբերմունքով։
Իհարկե, Սիսիանում կարող եք գտնել գիշերակացի տարբերակներ նաև ավելի մատչելի գնով՝ սկսած 8000 դրամից։ Բայց եթե ուզում եք զգալ համայնքը ներսից՝ մնացեք մի վայրում, որտեղ մարդիկ չեն սպասարկում, այլ՝ ընդունում են։
Էլ ի՞նչ տեսնել Սիսիանում
Սովետական Սիսիանի պատմությունը սկսում ենք Բասեն հյուրանոցի բակից, հենց այս վայրում է եղել սովետական Սիսիանի օդանավակայանը։ Այստեղից են թռիչքներ իրականացվել դեպի Երևան, մինչև 1980 ականների կեսեր։ Օդանավակայանի մասին զավեշտալի պատմություններ հիշում են տեղի մեծերը։ Օրինակ՝ ինչպես էին հավ կամ այլ տարարտեսակ իրեր տեղափոխում Երևան։ Սիսիանը հարուստ է ցայտաղբյուրներով։ Տարածաշրջանում մարդիկ աղբյուրապաշտ են։ Աղբյուրաշինությունը շատ հին պատմություն ունի այստեղ։
Սիսիանում կարելի է հանդիպել Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանների։ Այստեղ կա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40- ամյակին նվիրված հուշաղբյուր, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար ընկած մարտիկներին նվիրված հուշարձան, վերջինիս քանդակագործներն երեքն են, նրանցից մեկն էլ՝ Թերեզա Միրզոյանն է։ Իսկ առջևում կտեսնեք քաղաքացիական պատերազմում զոհված սիսիանցիների անունները։ Ռայկոմ, գրադարանի շենք, երբ ուշադիր ես շրջում, հասկանում ես, որ Սիսիանի յուրաքանչյուր անկյուն ներծծված է Սովետական իշխանության պատմություններով։ Ներկայացրեցի բացահայտումներիս միայն մի մասը, մնացածի համար պետք է ինքներդ այցելել։
Մի մոռացեք ճաշակել Սիսիանի համը
Իսկ հիմա՝ ամենահետաքրքիր մասի մասին։ Որքա՜ն էլ սիրեմ պատմությունը, բնությունը, քարերը, մի բան հաստատ գիտեմ իմ մասին՝ քյալագյոշի համար խելագարվում եմ։ Ու հենց այդպես էլ սկսվեց իմ Սիսիանը ճանաչելու ճանապարհը՝ պատառ քյալագյոշով, մասրապուրով ու խնջլոզով։
«Բասենում» էին մատուցում ու ես առաջին անգամ այնտեղ էի փորձել այս ուտեստը, այնտեղ պատրաստում են հատուկ սիրով։ Բացի դրանից, Սիսիանի շրջանը իսկական գաստրոնոմիական գանձարան է՝
— մասրապուր՝ թեթև թթու-քաղցր համով,
— աստղաշուշան՝ էդ ինչ բան էր, ու ինչի՞ ես մինչ այդ կյանքում չեի լսել
— խնջլոզ՝ թավշյա, փափուկ ու հյութալի
— գարնանային ծնեբեկ
— և իհարկե, Սիսիանը հայտնի է իր գերազանց գառան մսով։
Այսքանից հետո եթե գնում եք Սիսիան ու սնվում եք միայն չիպսով ու բուտերբրոդով, ուղղակի չգիտեմ ինչ ասել։ Պլանավորեք ճանապարհորդությունը այնպես, որ ժամանակ ունենաք ոչ միայն տեսնելու, այլ նաև ճաշակելու Սիսիանը։
«Շարժական» պանրի համտես
Եվ մի շատ հետաքրքիր բան ևս։ Սիսիանում կարող եք ոչ միայն վայելել ավանդական ուտեստները ռեստորաններում, այլ նաև փորձել շարժական պանրի համտես։ Այո՛, ճիշտ լսեցիք։ Այս փորձառությունը այնքան էլ մեծ տեղ չի զբաղեցնում, որ կարող եք պատվիրել գրեթե ցանկացած վայրում՝ անգամ ջրամբարի ափին նստած՝ բնության խորքում։
Պատկերացրեք՝ բարի առավոտ, արևոտ սուրճ կամ թեյ, և կողքին՝ հյութալի, տեղական պանիրների համադրություն, ընդարձակ գետի կամ լեռների տեսարան։ Սա հենց այն պահն է, երբ հասկանում ես, թե ինչու Սիսիանն այդքան սիրելի է բոլորիս համար։
«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն
Օգոստոսի 10-ը Սիսիանում յուրահատուկ օր է։ Այդ օրը տեղի է ունենում ավանդույթ դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։ Փառատոնը մի վայր է, որտեղ խառնվում են համերը, արվեստը, հնագույն արհեստներն ու ժամանակակից ներկայացումները։ Երկու երկրները ներկայանում են ոչ միայն իրենց ուտեստներով, այլև հոգու լեզվով՝ ստեղծելով միմյանց հետ կապող մշակութային կամուրջներ։
Բայց այս տոնը չի ավարտվում սեղանի շուրջ։ Այն իր խորհրդանշական շարունակությունն ունի։ Օգոստոսի 11-ի լուսադեմին՝ ժամը 02:00-ից սկսած, մարդիկ գնում են դեպի Զորաց Քարեր՝ անհամբերությամբ սպասելով պահին, երբ երկինքը բացվում է Հայկի համաստեղության առջև։ Ժամը 04:00-ին բոլորը հայացքները բարձրացնում են վեր՝ որպեսզի տեսնեն այն աստղերը, որոնք հին հայկական ավանդույթի համաձայն հիշեցնում են Հայկ Նահապետի հաղթական նետը։
Օգոստոսի 11-ը Նավասարդ է՝ հայկական հին Նոր տարին։ Այն համընկնում է Օրիոն համաստեղության վերին աստղի երկնային հասարակածին հասնելու պահի հետ։ Հայաստանում Օրիոնը նույնացվում է Հայկի համաստեղության հետ։ Ասվում է՝ հենց այս պահին է Հայկը իր եռաթև նետով խոցել բռնապետ Բելին՝ ազդարարելով լուսավոր մի ժամանակի սկիզբ։
Ճանապարհորդության ամենաքաղցր հատվածը
Այստեղ մեղուները պարզապես մեղու չեն՝ նրանք փոքրիկ, կազմակերպված աշխարհի հերոսներն են։
Բացահայտում ենք մեղվաընտանիքի հմայիչ գաղտնիքները՝ տեսնում՝ ինչպես է լույս աշխարհ գալիս նոր մեղու, ինչ ճանապարհ է անցնում մինչ դառնում է աշխատանքային անդամ, ինչպես է ծաղիկների նեկտարը վերածվում սեղանին դրվող մեղրի…
Ցանկացողները կարող են իրենց ձեռքով մասնակցել մեղրաքամի իրական գործընթացին՝ զգալ նուրբ բույրը, տաքությունը, ժպիտներով լցված պահը։ Կարող եք փաթեթավորել ձեր պատրաստած մեղրը ու բերել ձեզ հետ՝ որպես արևով համեմված հուշ։
Մասնակցությունը սկսվում է ընդամենը 1500 դրամից։ Բայց քանի որ այս փորձառությունը ոչ միայն քաղցր է, այլև ուսուցանող, այն ունի սոցիալական բաղադրիչ․ մի շարք կրթական հաստատությունների ուսանողների և աշակերտների համար գործում է 50% զեղչ։
Շաղատի ձիթանի թանգարան՝ ինչպե՞ս են ձեթ ստանում Սյունիքում
Սիսիանի մերձակայքում ևս մեկ հետաքրքիր փորձառություն է սպասում ձեզ՝ Շաղատի ձիթանի թանգարանը։ Այստեղ ձեզ կպատմեն ձեթի պատմությունը հին ժամանակներից, կտեսնեք, թե ինչպես են մարդիկ անցյալում այն ստացել, ու կհասնեք ամենահետաքրքիր հատվածին՝ ժամանակակից սարքերով կտավատի ձեթ ճզմելուն։ Մասնակցության արժեքը՝ ընդամենը 2000 դրամ։
Ձիթանը միայն թանգարան չէ․ այն վերածվել է կենդանի պատմության։ Շաղատի ձեթը հայտնի էր ողջ երկրում, իսկ ստացված կտավատի ձեթը կիրառվում էր ոչ միայն խոհանոցում, այլ նաև՝ բուժիչ նպատակներով։
Տոլորսի ջրի տակ ապրող եկեղեցին
Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հարավ՝ մեքենայով հեշտությամբ հասանելի է Տոլորսի ջրամբարը։ Իսկ եթե տրամադրություն կա, կարելի է նաև կազմակերպել քայլարշավ՝ ուղիղ քաղաքից։
Տոլորսի ջրամբարը ոչ միայն սրտաձև գեղեցիկ ջրային հայելի է՝ եթե նայեք վերևից, այլև մի վայր, որը պահպանում է անցյալի ձայնը։ Շատ տարիներ առաջ այստեղ քաղաք է եղել։ Բնական ջրհեղեղներն ու ջրամբարների ստեղծման մարդկային ցանկությունները միգուցե ջնջել են այդ քաղաքը քարտեզից, բայց ոչ՝ հիշողությունից։ Ջրի տակից դեռ կարող ես նկատել եկեղեցու սյուները՝ որպես վկայություն, որ ժամանակին այստեղ աղոթում էին, ապրում, հույսեր պահում։
Քայլարշավը կարելի է ավարտել Շամբի ջրամբարի մոտ՝ գորգ փռել, հաց կիսել ու լսել՝ ինչպես է քամին ջրի վրա երգում անցյալի հուշերը։
Մի քանի կանգառ՝ մեկ արշավում. Աղիտու, քարանձավներ, «Քարերի սիմֆոնիա» ու Որոտնավանք
Քայլարշավի բոլոր կարևոր կանգառները հասանելի են մեքենայով
Հայաստանում ճանապարհորդությունները երբեմն այնքան հագեցած են լինում, որ դժվար է միանգամից առանձնացնել՝ որտեղ է սկսվում պատմությունն ու որտեղ ավարտվում։ Իսկ Սյունիքը՝ իր բնությամբ, պատմությամբ ու արկածներով, իդեալական վայր է նման բացահայտումների համար։
Մեր քայլարշավը սկսվում է Սիսիանից 7 կմ հարավ-արևելք՝ Աղիտու գյուղի եռահարկ մահարձանից, որն ըստ ավանդության՝ կանգնեցվել է երկու իշխանազուն եղբայրների հիշատակին։ Շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով՝ հեթանոսական կառույցներից մինչև վաղ քրիստոնեական շերտեր։
Քայլելով մոտ 200 մ՝ հասնում ենք քարանձավների, որտեղ գտնված քարե գործիքները վկայում են, որ այստեղ մարդիկ ապրել են դեռ քարե դարում։ Ասում են՝ քարեդարյան որսորդների կացարաններ են։
Քայլարշավը ուղեկցում է Որոտան գետը՝ Սյունիքի սիրված ջուրը։ Ուղղությունը հարմար է թե՛ սկսնակների, թե՛ փորձառուների համար։ Ճանապարհին կարելի է տեսնել նաև Սիսիանի «Քարերի սիմֆոնիան»՝ գետի եզրին կանգնած քարե սյուները։
Վերջում մեզ դիմավորում է Որոտնավանքը։ Հիմնադրվել է 1000թ․ Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Նախկինում այստեղ եղել է Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով աղոթատեղի։ Վանքը հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր կարողությամբ և դարձել ուխտավայր։
Վանքի ներսում պահպանվել են որմնանկարներ, իսկ տարածքում՝ աղոթարաններ, արհեստանոցներ ու պարսպապատ տարածք։ Այստեղ է նաև գործել միջնադարի նշանավոր փիլիսոփա Հովհան Որոտնեցին, ում ջանքերով հիմնադրվել է Տաթևի համալսարանը։
Ուրվական դարձած Դաստակերտ
Դաստակերտը մի տեղ է, որը պարտադիր պետք է այցելել։ Այն ունի աներևակայելի հետաքրքիր և յուրահատուկ աուրա, որը հավատացնում եմ՝ չի թողնի անտարբեր։
Քաղաքը կենդանի օրգանիզմ է։ Այն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ արյունը հոսում է նրա փողոցներով-զարկերակներով, որոնց լեյկոցիտները մենք՝ բնակիչներս ենք։ Բայց երբեմն մարդիկ հեռանում են՝ տարբեր պատճառներով, լինի դա ճառագայթում, թե աղետ, կամ գուցե պարզապես քաղաքական իրավիճակ: Իսկ քաղաքը վերածվում է մումիայի՝ այն չի քայքայվում, այլ չորանում է, կորցնում արյունը։ Նրա զարկերակները ճաքում են, աչքերի խոռոչները բացվում են: Նման մի զգացողություն ունեցա Դաստակերտում, փոքրիկ և կոմպակտ ՀՀ-ի ամենափոքր քաղաքում։
Զորաց Քարերը
Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը Սյունիքի մարզում գտնվող Զորաց Քարերն են։ Տարեց տարի այս նախապատմական տեղանքն ավելի է գրավում ճանապարհորդների ուշադրությունը։ Հենց այստեղից էլ սկսեցինք մեր քայլարշավը դեպի Շաքիի ջրվեժ՝ անցնելով ժամանակի խորքերով լի արահետներով։
Մուտքը՝ 1500 դրամ։ Բայց այստեղ գումարը երկրորդական է. արժեքը գալիս է էներգիայից, որ տարածքը փոխանցում է։ Զորաց Քարերը մի հսկա մեգալիթյան օրգանիզմ են՝ բազում քարե սյուներով, որոնք կարծես շշնջում են հին պատմություններ։
Այս նախապատմական կառույցի շուրջ մինչ օրս վեճեր են ծագում։ Ոմանք այն համարում են հնագույն աստղադիտարան, մյուսները՝ դամբարանադաշտ։ Գիտական ու հասարակական շրջանակներում մինչև այսօր էլ համաձայնություն չկա՝ ի վերջո ինչի՞ համար է կառուցվել։ Այնուամենայնիվ, 2004 թվականին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Զորաց Քարերը որպես հնագույն աստղադիտարան։
Շաքիի ջրվեժ
Խորհրդավոր, անհասկանալի ու միևնույն ժամանակ շատ իրական՝ Զորաց Քարերից շարժվեցինք դեպի Շաքիի ջրվեժ, մի վայր, որտեղ առասպելը շնչում է հենց ալիքների տակ։
Ջրվեժի տեղանքը խորը կիրճ է՝ ժայռերով ու քարայրներով հարուստ։ Այստեղ հայտնաբերվել են նաև պալեոլիթյան ժամանակաշրջանի հետքեր՝ մարդու գործունեության նշաններով ու մոխիրով։
Բայց գիտական փաստերից դուրս՝ այս վայրի ամենահիշվող մասը ավանդությունն է։
Ըստ պատմվող լեգենդի՝ Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ առևանգվում են Մուղանի բանակի առաջնորդի համար։ Երբ նրանք հասնում են այս վայրը, ասում են. «Ճանապարհին փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնվում են։
Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ ու անհետանում։ Միայն Շաքե անունով կապուտաչյա աղջիկը փորձում է փախչել։ Նրա ետևից հասնող թշնամիները չեն հասցնում բռնել նրան, քանի որ հենց այդ պահին գետակի միջից ժայռ է խոյանում, ու ջուրը գահավիժելով ծածկում է Շաքեին։ Այդ օրվանից ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կրում են Շաքեի անունը։
Ես ձեզ ներկայացրի պատմության, ավանդազրույցների ու խորհրդային շունչի մի փոքրիկ կտոր։ Մնացածը… թողնում եմ ձեզ։ Գնացեք, փորփրեք, շրջեք, ընկեք մի ծածուկ արահետի հետևից ու հաստատ մի պահ էլ դուք կմտածեք՝ «սա ո՞նց էի բաց թողել»։