Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի արևմուտքում, Արարատյան հարթավայրի վրա։ Ի տարբերություն լեռնային մարզերի՝ Արմավիրն առաջարկում է բոլորովին այլ փորձառություն՝ անսահման արտեր, խաղողի այգիներ, Արաքս գետի ափեր ու հնագույն քաղաքակրթությունների հետքեր։
Արմավիրը Հայաստանի ամենակարևոր ուխտագնացության կենտրոնն է։ Էջմիածնի կաթողիկոսության համալիրը, Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն ու Զվարթնոցն իրար շատ մոտ են՝ կարելի է բոլորը մեկ օրում շրջել։ Ամեն տարի հազարավոր ուխտավորներ Հայաստանից ու սփյուռքից են գալիս հատկապես, Սուրբ Ծննդյան ու Զատկի ժամանակ՝ այդ օրերին Էջմիածնում հատուկ մթնոլորտ է տիրում։
Արմավիրն Արարատյան հարթավայրի կենտրոնում է, ինչը նրան տալիս է Հայաստանի մյուս մարզերից տարբեր դեմք։ Այստեղ սարեր չկան, բայց կա բաց հորիզոն, Արարատ ու Արագած լեռների ամենամոտ ու ամենատպավորիչ տեսարանը, հատկապես Էջմիածնից ու Զվարթնոցի ավերակներից։
Արմավիրը Հայաստանի ամենաարևոտ ու ամենաբերրի անկյուններից մեկն է։ Մարզը հայտնի է գյուղատնտեսությամբ։ Եթե ճիշտ ժամանակին եք, մեծ սիրով միացեք բերքահավաքին՝ տեղացիները միշտ բաց սրտով են ընդունում օգնությունը։
Մարզկենտրոն Արմավիր քաղաքը գտնվում է ուրարտական հին մայրաքաղաքի ավերակների հարևանությամբ անցյալն ու ներկան այստեղ բառացիորեն կողք կողքի են։
Մարզի պատմական հիշողության մեջ հատուկ տեղ ունեն երկու հերոսամարտ։ Սարդարապատ՝ 1918 թ. մայիսին այստեղ հայ ժողովուրդը կանգնեցրեց օսմանյան զորքերի առաջխաղացումը և փրկեց Հայաuտանի գոյությունը։ Այսօր հուշահամալիրն ու թանգարնաը հզոր ու հուզիչ կանգառ են ամեն ճամփորդի համար։ Մուսա Լեռի հերոսամարտ՝1915 թ. Մուսա Լեռ գյուղի հայերը 53 օր դիմադրեցին ու փրկվեցին։
Արմավիրի մարզ հասնելու տարբերակները մի քանիսն են։ Էջմիածին քաղաք հասնելը շատ հեշտ է։ Երևանից կարող եք հասնել Կենտրոնական ավտոկայանից կամ Մատենադարանի մոտից՝ 203 համարի միկրոավտոբուսով։ Մեկ տոմսի արժեքը 300 դրամ է, և ընդամենը մեկ ժամ անց կհայտնվեք քաղաքի կենտրոնոմ։
Արմավիրը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, բայց յուրաքանչյուր սեզոն իր հատուկ նվերն ունի։ Ապրիլ–մայիս ամիսներին հարթավայրը ծածկվում է ծաղկած ծիրանենիներով, Արարատն ամպերից մաքուր, օդը թարմ ու անուշաբույր է։ Եթե ուզում եք Հայաստանի ամենաֆոտոգենիկ կադրն անել՝ սա ձեր ժամանակն է։ Հունիս ամիսը ծիրանի սեզոնն է։ Այն ծիրանի, որ աշխարհի մյուս ծայրերում երբեք չես հանդիպի։ Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներրը խաղողի բերքի ժամանակ է։
Հայաստանում հաճախ դեռևս անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ։ Շատ վայրեր՝ հատկապես մարզերում, աշխատում են միայն կանխիկով։ Թեև կան ռեստորաններ ու հյուրանոցներ, որոնք ընդունում են քարտային կամ առցանց վճարումներ, դրանք այնքան էլ շատ չեն։ Թանգարաններում ևս հիմնականում կանխիկ է պետք, և հիշեք՝ գրեթե բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։