Ջերմուկի տեսարժան վայրերը մեկ օրում՝ ուղեցույց ճանապարհորդների համար
Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով ու գրել, թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։ Իմ ճանապարհորդությունը սկսվեց մեր բակից։ Վարորդը պատրաստակամությամբ համաձայնվեց ինձ հենց տնից վերցնել։
Մի բան հաստատ գիտեմ՝ մարզային տաքսիով ճանապարհորդելը լոտո խաղալու նման է. կամ շահում ես, կամ չէ։ Այս անգամ ոչ մի «բախտավոր քար» չհանդիպեցի։
Յոթտեղանոց ավտոմեքենան նման էր մեծ ու ջերմ ընտանիքի, իսկ ես՝ մի քիչ շփոթված, մի քիչ անհարմար՝ անկոչ հյուր։ Բոլորը ջերմուկցիներ էին. ճանաչում էին իրար մինչև յոթերորդ պորտ, գիտեին միմյանց հոգսերը, վարկային պատմությունները, ապառիկի չափը, ում մոտ ինչի հերթն է, ու նույնիսկ՝ ով ումից նեղացած է։
Այս ճանապարհին ևս մի կարևոր բացահայտում արեցի՝ մարզային տաքսին ոչ միայն տանում է քեզ մի վայրից մյուսը, այլ նաև գործում է որպես տեղեկատվական կենտրոն․ քարտեզ չունեն, բայց ցանկացած այլ ինֆորմացիա՝ մեծ սիրով կտրամադրեն։
Ջերմուկ մեկնող երթուղայինը Կիլիկիա ավտոկայանից դուրս է գալիս ցերեկվա ժամը 15:00-ին, ճանապարհը տևում է մոտ երեք ժամ, ուղևորավճարը՝ 3000 դրամ։ Գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա։
Ըմպելասրահ
Ջերմուկ այցելելու առաջին կանգառը, իմ խորին համոզմամբ, պետք է լինի քաղաքի կենտրոնում գործող ըմպելասրահը։ Այստեղ հանքային ջուրը հոսում է տարբեր ծորակներից՝ ըստ ջերմաստիճանի։ Սակայն փոքրիկ նախազգուշացում՝ մի փորձեք խմել գավաթներով, խորը հայացքով ու անկուշտի պես։ Հետևանքները կարող են լինել շատ… ուսուցանող։ Բայց եթե հետաքրքրասեր եք՝ խմեք, ու հետո կհասկանաք ինչի մասին է խոսքը։
Մի հետաքրքիր բան եմ նկատել։ Ըմպելասրահը կարծես թե կապված է յուրաքանչյուր ջերմուկցու մանկության հետ։ Գրեթե բոլոր տեղացիները պատմում են, թե ինչպես էին փոքր ժամանակ ձմռանը՝ թաց, կարմրած ձեռքերով, գալիս, ծորակներից բռնվում, տաքանում, հետո նոր շարունակում խաղերը։ Ու սա ոչ թե պարզապես հիշողություն է, այլ տաք հուշ բառի բուն ու ջերմաստիճանային իմաստով։
Կարևոր փաստ
Ջերմուկում մի օգտակար ու միաժամանակ անակնկալ փաստ իմացա՝ վառված սուրճի բույրը մոծակների մահացու թշնամին է։ Երկարաբեղիկ, երկարաթևիկ ու երկարաքիթիկ էակները, ինչպես պարզվեց, շատ բարդ ու նրբազգաց արարածներ են. ճանաչողին՝ չեն կծում, անծանոթին՝ հոշոտում են։
Պարզվում է՝ աշխարհում գրանցված է մոտ 20 հազար տեսակի մոծակ, իսկ Հայաստանում՝ ընդամենը 20։ Բայց հավատացեք, մեկ ժամվա ընթացքում ես հասցրեցի բոլոր 20-ի հետ անձամբ ծանոթանալ։
Մեր կռիվը համառ էր։ Ես՝ զենքս սուրճի բույրն ու անտարբերությունն էր, իրենք՝ մանևրող, աղմկոտ ու համառ։ Եվ երբ բարոյական հաղթանակի վերջին հույսն էլ մարեց, հաշտվեցի ճշմարտության հետ՝ ես գտնվում էի նրանց տարածքում։ Իրենց տարածքում՝ իրենց օրենքներով։
Ջերմուկի ճոպանուղի
Ջերմուկի ճոպանուղին, որի տոմսը 1500 դրամ(անձը) արժե, պարտադիր բան է, որը չես կարող չանել, երբ այստեղ ես։ Վերելքը հիասքանչ է, շատ ավելի, քան պարզապես մի բարձրացում։ Դե պատկերացրեք վերևից նայում ես ամբողջ քաղաքին։ Այստեղ կանգնելիս հասկանում ես՝ ինչու են տեղացիները սիրում իրենց քաղաքը, ինչու է ճոպանուղին դարձել Ջերմուկի խորհրդանիշներից մեկը։
Հաջողության գաղտնիք
Ճանապարհորդության հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն է, թե իրականում ում կհանդիպեք ու այդ մարդը որքանո՞վ «պիտանի» կլինի ձեր ճանապարհին։ Երբեմն ուղեկիցդ կարող է դառնալ քարտեզից օգտակար, կամ ընդհակառակը՝ սուրճիդ վերջին կումից անհասկանալի։
Իսկ մինչև ճանապարհ ընկնելը, լավ կլինի ձեզ հարցնեք՝ գնում եք հյուրանոցի անկողնու մեջ պարկելու ու նույն երաժշտությունը ցիկլով լսելու, թե՞ ․․․․ ։ Եթե երկրորդն է՝ պատրաստ եղեք ոչ միայն տեսարանների, այլև պատահական հանդիպումների, մոծակների, ինֆորմացված վարորդների ու անսպասելի պատմությունների։
Վայոց Ձորն այս ամենի համար իդեալական վայր է։ Յուրաքանչյուր մարզ իր բանն ունի, բայց այստեղ այդ «բանը» մի տեսակ շատ է։ Մի քանի վայր արդեն հասցրել եմ տեսնել։ Թողեք պատմեմ։
Եղնիկ՝ Ջերմուկի խորհրդանիշ
Գալ Ջերմուկ ու չբարձրանալ եղնիկի մոտ՝ մի սխալ է, որը ձեզ ոչ մի ջերմուկցի կյանքում չի ների։ Իսկ եթե որոշեք գնալ, խորհուրդ եմ տալիս ուշ ժամի։ Ինչո՞ւ՝ որովհետև գիշերային Ջերմուկը միանգամայն այլ պատմություն է։ Այստեղ գեղատեսիլ վայրերը չեք փնտրում՝ դրանք ամենուր են, բայց հենց գիշերն է, որ սկսում ես բացահայտել քաղաքի մյուս՝ հանգիստ, խորհրդավոր ու մի քիչ հեքիաթային դեմքը։
Ըստ լեգենդի՝ մի որսորդ նետահարում է եղնիկին։ Վիրավոր կենդանին՝ վերջին ուժերը հավաքելով, վազում է դեպի հանքային աղբյուրները և նետվում է ջուրը։ Որսորդի աչքի առաջ հրաշք է տեղի ունենում. եղնիկը ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ։ Այդ օրվանից Ջերմուկի ջրերի բուժիչ հատկությունների մասին իմանում է ողջ աշխարհը, իսկ եղնիկը դառնում է քաղաքի խորհրդանիշը։
Ասեմ ավելին՝ եղնիկի արձանի մոտ գտնվելուն բացարձակ չի խանգարի մեկ բաժակ գինի։ Ընդհակառակը՝ պատմությունն ավելի պատկերավոր է դառնում, զգայական ու մի փոքր կատակելի։ Ես, օրինակ, մի գավաթից հետո արդեն պատկերացրեցի, թե ինչպես է որսորդը կտրականապես հրաժարվում որսորդությունից, հիմնադրում «Եղնիկ» բրենդը ու կյանքի մնացած օրերը նվիրում հանքային ջրերի մարքեթինգային քարոզարշավին։ Իսկ եղնիկը իր հերթին, շարունակում է պատմության մեջ ապրել որպես ապրանքանիշի սիմվոլ։
Ջերմուկի ազգային պատկերասրահ
Ջերմուկի ազգային պատկերասրահը Հայաստանի ազգային պատկերասրահի տասնմեկ մասնաճյուղերից մեկն է, որը առավել խորությամբ ներկայացնում է 1950-ականներից մինչև այսօր ընկած ժամանակահատվածին բնորոշ հայկական արվեստը։ Հավաքածուն բազմաժանր է՝ ընդգրկելով թե կտավներ, թե քանդակներ, կերամիկա և այլն։ Դրանց թվում ընդգրկված են մեծանուն վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գաֆեսճյանի և Հակոբ Հակոբյանի գործեր։
Հավաքածուի յուրահատուկ նմուշներից են Սարգիս Մուրադյանի հեղինակած խորհրդանշական Պարույր Սևակի դիմանկարը և մի ժայռաբեկոր, որի վրա հայ-ամերիկյան վիպասան և դրամատուրգ Վիլյան Սարոյանը փորագրել է «Արև» բառը՝ Ջերմուկ կատարած իր այցի ժամանակ։
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի — կիրակի
Ժամեր՝ 10:30 — 17:30
Էքսկուրսիաների համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Էքսկուրսիայի արժեքը՝ 3000 դրամ (հայերեն/ռուսերեն)։
Մուտքի տոմսեր՝
- Ընդհանուր մուտք՝ 1000 դրամ
- Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս՝ 500 դրամ
- Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է:
Կոնի մուրաբա ու խոտաբույսեր
Ջերմուկում քայլելիս մի՛ մոռացեք նաև համտեսել և գնել տեղական անչափ համեղ նվերներ։ Քաղաքի կենտրոնում կհանդիպեք մի քանի վաճառողների, ովքեր առաջարկում են ավանդական մասուրի մուրաբա, տնական կոնի մուրաբա, ինչպես նաև չրեր ու հոտավետ խոտաբույսեր։ Ի դեպ այս բոլորը տեղի անտառների բարիքներն են։
Ջերմուկի ջրվեժ կամ Ջրահարսի վարսեր
Ջերմուկի ջրվեժը՝ տեղացիների խոսքով «Ջրահարսի վարսեր»-ը, այն տեսարաններից է, որ պետք է գոնե մեկ անգամ տեսնել սեփական աչքերով, որպեսզի գնահատեք ոչ միայն նրա վեհությունն ու գեղեցկությունը, այլև այն կախարդանքը, որ տարածվում է ամբողջ շրջակայքում։
Վարսեր հիշեցնող ջրվեժը համարվում է Ջերմուկի հրաշքներից մեկը։ Նրա մասին լեգենդներ են հյուսվել դեռ շատ վաղ ժամանակներից։ Ըստ ավանդության՝ հին ժամանակներում ջրվեժի վերևում՝ ուղղաձիգ ժայռերի գագաթին, իշխանի ամրոցն էր։ Իշխանը ուներ անասելի գեղեցիկ դուստր, ում ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի բոլոր կողմերից։ Բայց աղջիկը մերժում էր բոլորին, քանի որ սիրտը պատկանում էր մի հովվի՝ երիտասարդ, համեստ, բայց սիրով լի տղայի։
Ամեն կեսգիշեր, աղջիկը իր ննջարանի լուսամուտից ձորն էր իջեցնում երկար պարան, որով երիտասարդը բարձրանում էր ժայռի ստորոտից սիրեցյալի մոտ։ Սակայն մի օր իշխանը հայտնաբերում է այդ պարանը և բացահայտում գաղտնիքը։ Ցասմամբ լի՝ նա անիծում է դստերը․ «Եթե երբևէ կրկին տեսնես այդ տղային՝ ջրահարս կդառնաս, ու երբեք ջրից դուրս չես գա»։
Բայց նրանք այնքան էին տարված միմյանցով, որ ոչինչ չէր կարող նրանց կանգնեցնել։ Գեղեցկուհին այդ գիշեր պարանի փոխարեն ժայռից կախում է իր երկար ու հիասքանչ վարսերը։ Եվ հենց այն պահին, երբ տղան բարձրանում է, հոր անեծքը կատարում է իր աշխատանքը։ Աղջիկը վերածվում է ջրահարսի, իսկ նրա վարսերը՝ դարձյալ կյանքի շարունակություն գտնելով, փոխակերպվում են հրաշագեղ ջրվեժի, որ մինչ օրս էլ կոչվում է «Ջրահարսի վարսեր»։
Երազանքների կամար
Դե ինչպես յուրաքանչյուր քիչ թե շատ սնահավատ մարդ… կամ ասենք ուղղակի՝ որպես կին, ում հետաքրքրասիրությունը երբեմն հաղթում է տրամաբանությանը, ես էլ որոշեցի անպայման այցելել Երազանքների կամարը։
Շատերն են վստահ պնդում՝ «Այո՛, երազանքն իրականանում է»։ Սակայն այս պահի դրությամբ ուզում եմ անկեղծացնել՝ դեռ ոչ մի երազանք չի շտապել իրականանալ։ Բայց հոգ չէ։ Ի վերջո, սա այն վայրերից է, որ անկախ մոգական հատկություններից՝ պարզապես արժե տեսնել։ Բնությունը՝ հմայիչ, տեսարանը՝ գրեթե բացիկից պոկված, իսկ ինքներդ էլ չնկատելով սկսում եք ձայնով արտաբերել երազանքը՝ գուցե մի փնջիկ քամի այն տանի ճիշտ տեղը։
Ջերմուկի մշակույթի տուն
Ինքս մեծ հաճույքով շրջում եմ մարզերով ու հատկապես սիրում եմ հայտնվել լքված վայրերում։ Գրեթե յուրաքանչյուր ճանապարհորդությանս ամենաերկար հատվածը հենց այդ տիպի տեղերում եմ անցկացնում։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ թվում է ավարտված, ինչ–որ կերպ կյանքն ինքը շարունակում է շնչել։
Ջերմուկի մշակույթի տունը՝ իր երբեմնի կինոդահլիճով, լողավազանով, գրադարանով, ավերված պատերով ու ճաքած հատակներով, միաժամանակ ամայացած ու կենդանի է։ Իրենով կրում է անցյալի շունչը, և այդ հատուկ՝ միայն իրեն բնորոշ աուրան կարծես չի մարում։
Հետաքրքիրն այն է, որ հենց այս լքված շենքն է, որ մի պահով դարձավ Հայաստանի մշակութային դեմքը միջազգային հարթակներում։ Այստեղ պահպանվել են մեծերի կիսանդրիները՝ Արամ Խաչատրյան, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ։ Նրանք կանգնած են լռությամբ, բայց լռության մեջ էլ ասելիք կա։
Արժե քայլել այս տարածքով՝ առանց շտապելու, առանց խոսելու, պարզապես լսելով՝ ինչ է պատմում անցյալը։
«Ջերմուկի գեյզեր»
Off-road արկածը շարունակվեց հաջորդ առավոտյան։ Այս անգամ ուղությունն այն վայրն էր, որը տեղացիները անվանում են՝ «Ջերմուկի գեյզեր»։
Վարորդ Վլադին արդեն ճանաչում էի։ Մի քանի ժամ շփվել էինք, երբ ամիսը սկզբին Ջերմուկում էի աշխատանքային այցով։ Այս անգամ, երբ դեղատուն էի գնում (չմոռանանք՝ արյունախում մոծակները դեռ խաղից դուրս չեն եկել), նա ավտոմեքենայի միջից նկատել էր ինձ, բայց, ինչպես ինքն ասաց, սկզբում աչքերին չէր հավատացել։ Պայմանավորվեցինք առավոտյան սուրճ խմել՝ բնության գրկում։ Գնացինք մի վայր, որտեղից հորդում է «անմահական ջուրը»։
Ճանապարհը էքստրեմալ էր՝ զգուշացնող վահանակով, քարքարոտ ոլորաններով, բայց մենք հասանք։ Մեզ դիմավորեց տաք հանքային ջրի հոսքը, անբացատրելի մաքուր օդը և Վլադի ձեռքով պատրաստված սրտանց սուրճը։ Ամաչեցի ասել, որ սուրճ չեմ խմում։ Լուռ վերցրի բաժակը ու վայելեցի պահը։
Գնդեվանք՝ Վայոց Ձորի ակնեղենը
Ասում են՝ Վայոց ձորը անակ մատանի էր, ու Գնդեվանքը դրա ակն է։ Կառուցվել է 936 թ.-ին Սյունյաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփիայի կողմից։ Հենց ինքը փառահեղ կերպով էլ հայտարարել է՝ «Շինեցի սա, ու որպես ակ դրեցի վրան»։
Գտնվում է Գնդեվազ գյուղից մի քիչ բարձր՝ լեռների գրկում։ Հասանելի է թե՛ մեքենայով, թե՛ ոտքով։ Վերջին մի քանի կիլոմետրը՝ գեղատեսիլ կիրճով, երբեմն քարքարոտ, բայց լիովին անցանելի ճանապարհով։
Ինչ կա այստեղ՝
- 10-րդ դարի խաչաձև եկեղեցի՝ գմբեթով ու որմնանկարների հետքերով
- 999 թ. կառուցված գավիթ՝ իր ճարտարապետական պարզ ու հզոր լեզվով
- Պարսպապատ տարածք՝ վանական համալիրի մնացորդներով
- Բազում արձանագրություններ, փորագրություններ ու տաճարի պատմությունն իրենով կրող քարեր
- Լեգենդներ, որոնք կարող եք պատմել ընկերներին
Ավանդազրույցների սիրահարներին՝
«Մի երիտասարդ իշխանազն խնդրում է Սյունյաց Սմբատ իշխանի դուստր՝ գեղեցկուհի Սոֆիայի ձեռքը։ Սա ասում է, որ ինքը համաձայն կլինի միայն այն դեպքում, եթե իշխանազնը մասնակցի իր առաջարկած մրցությանը և կարողանա հաղթել իրեն։ Պայմանը հետևյալն էր։ Իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացներ Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ Սոֆիան էլ նույն ժամկետում կառուցեր մի վանք։ 39-րդ օրը լուր է հասնում իշխանազնին, թե Սոֆիան ավարտելու վրա է վանքի կառուցումը։ Հոր խորհրդով իշխանը սպիտակ կտավ է կախում զառիթափից, որպեսզի քամին ծածանի կտավը, թվա, թե ջրանցքն արդեն պատրաստ է և ջուրը տեղ է հասել։ Ճիշտ է, Սոֆիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց նրա կարողությունն արդեն սպառված էր և վանքի գմբեթի քարերը դնելու համար նա վաճառում է իր ականջի գինդերը։ Այդ պահին լուր է հասնում Սոֆիային, որ ջրանցքն արդեն պատրաստ է։ Սոֆիան նայում է դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում։ Հուսահատությունից նա ցած է նետվում անդունդը։ Եւ վանքն այդ օրվանից կոչվում է Գնդեվանք»։
Հուշում տեղացիներից՝
Հենց Գնդեվազ գյուղում կան հյուրընկալ տներ, թթու մածուն, մարզին բնորոշ ավանդական ուտեսներ ու ջերմ պատմություններ։ Եթե ժամանակ ունես՝ մնա գիշերը։ Քանի որ Գնդեվանքը՝ միայն տեսնելու տեղ չէ, այլ զգալու։
Գլխավոր լուսանկարը՝ Ջերմուկի համայնքապետարանի