ԹանգարաններՄեղուների թանգարան․ Միակն իր տեսակի մեջ

Մեղուների թանգարան․ Միակն իր տեսակի մեջ

Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այդ օրը սահմանել է՝ մարդկանց տեղեկացվածությունն ավելացնելու մեղուների կարևորության մասին։

Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում։ Իսպանիայում հայտնաբերված 8 հազար տարվա ժայռապատկերներից մեկում պատկերված է մարդ, ով բարձրանում է ծառ՝ վայրի մեղուների փեթակից մեղր հավաքելու համար։ Չնայած ստույգ հայտնի չէ, թե երբ են մեղվապահությունը սկսել տնային պայմաններում, հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում այն հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում։ Ավելին, մեղվապահությունը շատ հարգված զբաղմունք էր, և նույնիսկ փարավոններից մեկը կրում էր «մեղուների տիրակալ» տիտղոսը։

Այս անգամ ուզում եմ պատմել Գեղաշեն գյուղի Մեղուների թանգարանի մասին, որտեղ կարող եք տեսնել մեղվի տեսքով ամենատարբեր իրեր։ Այս թանգարանը եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային պրակտիկայում։ Դրա նպատակը եղել է ստեղծել մի վայր, որը չունի իր նմանը աշխարհում։

Թանգարանի բակում գտնվում է աշխարհի ամենամեծ մեղվի արձանը։ Ցավոք, լուսանկարներով չեմ կարող կիսվել, քանի որ այցելությանս պահին թանգարանը դեռ ամբողջությամբ ավարտուն չէր։

Այստեղ ներկայացված են 47 երկրից հավաքված ցուցանմուշներ, որոնց հավաքագրումը տևել է 50 տարի։ Կարող եք տեսնել հնագույն իրեր՝ նախաքրիստոնեական շրջանից մինչ մեր օրեր։

Հետաքրքիր ցուցանմուշներ՝

🔸 Հնագույն հայկական դրամը

192 թվականին Արտաշես Երկրորդը Հունաստանում պատվիրել է դրամներ, որոնց մի երեսին մեղու էր պատկերված, իսկ մյուս կողմում՝ իր կիսադեմը։ Այսօր աշխարհում պահպանվել են դրանցից ընդամենը չորսը, և դրանցից մեկը ձեռք է բերվել Համբուրգում՝ իրանցի վաճառողից։

🔸 Մեղուների մասին 1840-ի գիրքը

Թանգարանում պահվում է 1840 թվականին Էդինբուրգում հրատարակված գիրք, որը պատմում է մեղուների մասին։ Այն պարունակում է 30 ձեռակերտ նկար, 19-ը՝ գունավոր։

🔸 Նապոլեոն Բոնապարտի կապը մեղուների հետ

Պարզվում է՝ Նապոլեոն Բոնապարտը մեծ հետաքրքրություն ուներ մեղուների նկատմամբ, և հենց այդ պատճառով մեղուների մի տեսակ կոչվում է Նապոլեոնյան մեղուներ։ Ֆրանսիայի կայսրը մեղուների պատկերները ներառել էր իր անձնական սենյակների, տան կահույքի, ծածկոցների, գորգերի դիզայնում։ Գեղաշենի թանգարանում կարող եք տեսնել Նապոլեոն Բոնապարտի անձնական սպասքից մեկ ափսե։

🔸 Աշխարհի ամենափոքր մեղուները

Աշխարհում մեղվատեսակների թիվը գերազանցում է 20 հազարը։ Ամենափոքր մեղուները կոչվում են բոլիվիական մեղուներ, և այստեղ, խոշորացույցի օգնությամբ, կարող եք տեսնել դրանցից մեկը, որը պահվում է բնական սաթի մեջ։

📍 Եթե ուզում եք տեսնել այս եզակի հավաքածուն, այցելեք Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղ։ Այստեղ կգտնեք իրարից շատ տարբեր, բայց մեկ ընդհանուր թեմայով համախմբված ցուցանմուշներ՝ մեղուների մասին։ 🐝

Instagram
Հետևեք ինձ