Մարիաննա Նիկողոսյանը Ամստերդամից Երևան՝ հեծանվով անցնելով հազարավոր կիլոմետրեր ու բազմաթիվ երկրներ, բացահայտեց անծանոթ վայրերի հմայքն ու մարդկանց անսպառ բարությունը։ Ճանապարհին ուղեկցում էին մայրիկի առավոտյան պարզ մաղթանքները, ընկերների խրախուսանքը և բոլոր այն անծանոթների հյուրընկալությունը, որոնց հետ հանդիպել էր։ Սա նրա ճանապարհորդությունն է՝ ուժի, կամքի ու որոնումների մասին, որտեղ յուրաքանչյուր օր խոստանում էր նոր, անկրկնելի արկած։
Ճանապարհորդությունս սկսեցի Ամստերդամից՝ Նիդեռլանդների մայրաքաղաքից, որտեղ ապրում էի: Հատուկ զգացողություն էր. բանալիներս դնում եմ փոստարկղի մեջ ու ճանապարհ եմ ընկնում՝ ունենալով միայն հեծանիվ ու ճանապարհի հանդեպ սերը։ Ամստերդամից շարժվեցի դեպի Հոլանդիայի հարավ, անցա Բելգիա, Գերմանիա և շարժվեցի դեպի Արևելյան Եվրոպա՝ անցնելով ընդհանուր 14 երկիր։ Ամեն ինչ ինձ հետ էր՝ հեծանիվիս վրա տեղադրված չորս պայուսակներում։
Այս գաղափարը անմիջապես չէր ծնվել. այն կայացավ ժամանակի ընթացքում։ Սկզբում կարճ ճանապարհորդություններ էի անում՝ երկու-երեք ժամով, հետո՝ մեկ օրվա ուղևորություններ։ Մարդկանց հետ շփվելով ու լսելով նրանց պատմությունները՝ հասկացա, որ նման արկածները ոչ միայն իրական են, այլ նաև՝ հնարավոր: Նիդեռլանդներում, որտեղ ապրում էի, ճանապարհորդության հանդեպ վերաբերմունքը շատ այլ է։ Ընկերներիցս մեկը տարին մեկ կամ երկու անգամ թողնում էր աշխատանքը, մեկնում էր այլ երկիր, աշխատում հաճախորդների սպասարկման կենտրոնում ու քիչ գումար ստանալով՝ շարունակում էր ճանապարհորդել։ Ապա վերադառնում էր իր նախորդ աշխատավայր, որտեղ կրկին նրան ընդունում էին, ու այսպես նա կրկնում էր այդ գործընթացը։
Նման մարդկանց հետ շփվելը ինձ ոգեշնչեց, իսկ հատկապես մեծ ազդեցություն թողեց Թոմ Ալենի ճանապարհորդությունը: Նա Անգլիայից հասել էր Հայաստան՝ սկզբում առանց այն որպես նպատակ ունենալու, բայց մի գեղեցիկ պատմության արդյունքում մնաց այստեղ։
Ձմռանը յոթ օր Սիցիլիայում անցկացրի՝ հեծանիվ վարձելով ու մենակ ճանապարհ ընկնելով։ Դա յուրահատուկ փորձություն էր՝ իսկական թեստ։ Երբ մի քանի տասնյակ կիլոգրամ բեռ ես դնում հեծանիվիդ վրա, այն այլևս պարզապես հեծանիվ չէ, այլ մի ամբողջ տանկ։ Երբեմն նույնիսկ հարց է առաջանում՝ իրականում ո՞վ է ում տանում՝ հեծանիվը քեզ, թե դու հեծանիվին։ Սովորում ես ճիշտ հաշվարկել արագությունդ, որը վաղուց արդեն այն արագությունը չէ, որ սովոր ենք տեսնել հեծանվորդներից։ Այսպիսի ուղևորությունների ժամանակ ամեն ինչն է ավելի իրական դառնում:
Ամեն օր մի նոր բան ես սովորում ինքդ քո մասին՝ քո ֆիզիկական ու մտավոր ուժերի մասին։ Յուրաքանչյուր օր նոր փորձառություն է՝ նոր վայրեր, նոր մարդիկ, որոնցից սովորելու բան կա։ Դու դուրս ես գալիս բաց տարածք ու երբեք չգիտես, թե ինչի՞ կհանդիպես. սակայն հաստատ է՝ ամեն օրդ անկրկնելի է։
Մենակության համար ավելի շատ ժամանակ ես ուզում, քան իրականում ունենում ես, հատկապես երբ մենակ ես ճանապարհորդում: Մարդիկ հաճախ են ձգտում շփվել քեզ հետ՝ քեզ հարցեր տալ, սուրճ կամ օղի առաջարկել, երբեմն նույնիսկ հյուրընկալվելով՝ հավ են մորթում կամ կով կթում՝ հյուրասիրելու համար։ Եվ այդ ամենին ոչ ասել չի ստացվում, քանի որ դու գտնվում ես նրանց գյուղում կամ քաղաքում, իսկ այդ առաջարկները նրանց ջերմ ու անկեղծ հյուրընկալության արտահայտությունն են։
Գյուղի կողքով անցնելիս Ռումինիայում մի բաց տարածք տեսա ու որոշեցի հարևանին հարցնել՝ կարո՞ղ եմ վրան խփել։ Կես ժամ էլ չանցած՝ ողջ գյուղը տեղյակ էր, ու ես դարձա բոլորի զրույցի թեման։ Ամեն մեկն ուզում էր ինձ իր տուն հրավիրել: Բայց ես հոգնած էի ու ուզում էի մի փոքր հանգստանալ ու գիրք կարդալ:
Իմ հետ վերցրել էի ՌաֆՖու մի քանի գիրք, որոնց կարդալու մեծ ցանկություն ունեի, բայց իրականում գրեթե ոչինչ չհասցրի կարդալ՝ ընդամենը երեք էջ։ Մենակ մնալ չէր ստացվում. կամ հոգնածությունից մեռած պառկում էի, կամ՝ մարդկանց հետ շփվում։ Նույնիսկ հարևանը հրավիրեց իր տուն՝ ծանոթացնելու իր մորաքրոջ հետ. այնտեղ նաև ընտանեկան ալբոմներ նայեցի ու տեսա, թե ինչպես են նրանք արևածաղիկ աճեցնում։
Բելգիայում հանդիպեցի մի կնոջ, ով ուներ մեծ տուն և երկու ոչխար՝ մեկը սև, մյուսը՝ սպիտակ, որոնք շների պես արձագանքում էին ձայնին։ Երբ նա դուռը բացում էր, նրանք վազում էին՝ կերակրվելու։ Տանտիրուհին բուրդն օգտագործում էր իր ձեռագործ գործերում, ու ամբողջ տունը թաղիքից պատրաստված իրերով էր զարդարված։ Նա իմ առաջին “Warmshowers” հյուրընկալողներից էր։ Սա զարմանալի համայնք է, որտեղ մարդիկ ոչ միայն քնելու տեղ են տրամադրում, այլև բացում են իրենց աշխարհը քեզ համար։ Տարիներով կարող ես ճանապարհորդել ու գտնել մարդկանց, ովքեր իրենց դուռը կբացեն քեզ համար։
Միշտ էլ ունես հետդարձի տարբերակ՝ նստել գնացք կամ ինքնաթիռ ու վերադառնալ, բայց դա ինձ համար երբեք խնդիր չէր։ Մոտիվացիան գալիս է այն մտքից, որ ամեն ինչ անցողիկ է, իսկ հաջորդ օրը բերելու է նոր ու հետաքրքիր փորձառություններ։ Այնքան դրական ես լցվում, որ աննշան մանրուքներն այլևս քեզ չեն անհանգստացնում։ Սովորում ես դրանց հաղթահարել ու առաջ շարժվել։
Փորձեք երազանքներ ունենալ, ձգտել ու փորձել իրականացնել դրանք։ Միշտ կա “պլան Բ”։ Մի խելացի կնոջ հետ խոսում էինք, որը տարբեր փորձությունների միջով էր անցել։ Նա ասաց մի բան, որն ինձ շատ ազդեց. հետ գնալը միշտ չէ, որ անհրաժեշտ է կամ ցանկալի, բայց կարևոր է շարժվել առաջ, փորձել նոր բաներ, և երբեք չես փոշմանելու։
Ֆան ակումբս շատ փոքր էր. իմ թոփ երեք ֆաներից առաջինը՝ մայրիկս էր։ Ամեն առավոտ ինձ բարի օր էր մաղթում ու ուղարկում հավես էմոջիներ՝ ինձ համար բարի ճանապարհ ցանկանալով։ Թեև այս փոքրիկ աջակցությունը շատերին աննշան կթվա, բայց ինձ համար մեծ նշանակություն ուներ՝ իմանալը, որ ծնողս ինձ աջակցում է։ Պատկերացրու, սա հայքինգի նման է, պարզապես հեծանիվը թույլ է տալիս ավելի շատ ճանապարհ անցնել նույն ժամանակում, երբ քո իրերը տեղադրված են հեծանիվի վրա, ու քեզ չի բեռնում։
Ուղևորություններից ու ճանապարհորդական նպատակներից բացի, այժմ մի նախագիծ ունեմ, որն ինձ համար շատ կարևոր է ու ոգևորիչ։ Պատահականության շնորհիվ մի քանի ընկերներով գնացինք նետաձգության դասերի։ Այդ սպորտն անկատար վիճակում է Հայաստանում, սակայն շատ գեղեցիկ է, ու տեսնելով այս իրողությունը՝ հասկացանք, որ չենք կարող անտարբեր մնալ։ Որոշեցինք հիմնել ակումբ, քանի որ Հայաստանում նետաձգության մասնավոր նախաձեռնություն չկար. բոլոր դպրոցները պետական կամ կիսապետական կարգավիճակ ունեին։ Այդպես՝ արդեն երկու տարի է, ինչ մեր ուժերով իրագործում ենք այս գաղափարը՝ որքան հնարավոր է։ (մանրամասների համար անցնել հղումով՝ https://nairiarcheryclub.am/)
Իմ համար ամենակարևորը այն էր, որ ես ինքս իսկապես նպատակ դրեցի ու հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է։ Սա ինձ ուժ տվեց՝ հավատալու, որ հետագա բոլոր տարիներին ևս կարող եմ իրականացնել իմ նպատակները։ Այժմ գիտեմ, որ ունեմ համբերություն, ուժ ու դիմացկունություն։ Մի բան է ասել, իսկ բոլորովին այլ բան է՝ վստահ լինել, որ դու դա կարող ես։
Եթե հնարավորություն լիներ, ես կկրկնեի այս ամենը՝ հենց այսօր, հենց հիմա։
Լեռնագնացությունն առաջին հերթին աշխատանք է, երկար ու հ
Ծանոթացեք, ինքը Վալ Իսմաիլին է Լոնդոնից, ով 4 ամսով ժամա
Նման վերելքը ծրագրված չէր, անսպասելի էր, վախեցնող, բա